Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը (ԲԸՏՄ) հրապարակել է 2025 թվականի վերահսկողության արդյունքները ընդերքօգտագործման և ընդերքի պահպանության ոլորտում։
Տարվա ընթացքում իրականացվել է 100 ստուգում, որոնց արդյունքում արձանագրվել է 207 իրավախախտում։ Ըստ ներկայացված տվյալների՝ կայացվել է 195 վարչական տույժի որոշում, նշանակվել է ընդհանուր առմամբ 27.16 միլիոն դրամ տուգանք։
Ստուգումների ընթացքում հայտնաբերվել է 233 դեպք, որոնք վերաբերում են ապօրինի ընդերքօգտագործմանը կամ արդյունահանված ծավալների թաքցմանը։ Այդ խախտումների հետևանքով շրջակա միջավայրին պատճառված վնասը գնահատվել է ավելի քան 2.04 միլիարդ դրամ։
Բացի այդ, հայտնաբերվել է շուրջ 14.9 միլիոն խմ ապօրինի արդյունահանված հանքանյութ։ Պետական եկամուտների կոմիտեի հաշվարկներով՝ նշված ծավալով պետությանը պատճառված վնասը կազմել է ավելի քան 26.36 միլիարդ դրամ։
ԲԸՏՄ-ի կողմից ներկայացված հաղորդումների հիմքով Քննչական կոմիտեում հարուցված քրեական վարույթների շրջանակում 2025 թվականին ՀՀ պետական բյուջե է վերականգնվել շուրջ 460.4 միլիոն դրամի չափով վնաս։
Ներկայացված տվյալները ցույց են տալիս վերահսկողական միջոցառումների արդյունքում բացահայտված խախտումների ծավալը և դրանց ֆինանսական հետևանքները պետական և շրջակա միջավայրի համար։

