ՄԱԿ Պարենային և գյուղատնտեսական կազմակերպության (FAO) տվյալներով՝ հիմնական պարենային ապրանքների համաշխարհային գների ինդեքսը 2025 թվականին միջինը կազմել է 127.2 միավոր, ինչը 4.3 տոկոսով բարձր է 2024 թվականի ցուցանիշից։
FAO-ի գնահատմամբ՝ աճը հիմնականում պայմանավորված է բուսական յուղերի և կաթնամթերքի ավելի բարձր գնանշումներով։ Մասնավորապես, բուսայուղերի գները 2025 թվականին 2024 թվականի համեմատ աճել են 17.1 տոկոսով՝ հասնելով վերջին երեք տարվա ամենաբարձր մակարդակին։ Աճը կապվում է համաշխարհային մատակարարման պակասի հետ։
Կաթնամթերքի գները 2025 թվականին բարձրացել են 13.2 տոկոսով։ «Ագրոէքսպորտ»-ի փոխանցմամբ՝ այդ աճը պայմանավորված է տարվա սկզբին համաշխարհային ներմուծման բարձր պահանջարկով և արտահանման սահմանափակ մատակարարումներով։
Մսի համաշխարհային գները տարվա ընթացքում աճել են 5.1 տոկոսով։
Միևնույն ժամանակ, հացահատիկի գների ինդեքսը 2025 թվականին նվազել է 4.9 տոկոսով, իսկ շաքարի գների ինդեքսը՝ 17 տոկոսով՝ գրանցելով 2020 թվականից ի վեր ամենացածր տարեկան մակարդակը։
FAO-ի տվյալները ցույց են տալիս, որ պարենային շուկաներում գների շարժը 2025 թվականին ունեցել է տարբեր ուղղվածություն՝ կախված ապրանքախմբերից և մատակարարման պայմաններից։

