Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը ամփոփել է 2025 թվականի ընթացքում իրականացված վերահսկողական աշխատանքների արդյունքները։
Նրա փոխանցմամբ՝ տարվա ընթացքում տեսչական մարմինը ստուգումներ է իրականացրել ավտոմոբիլային բենզինի և դիզելային վառելիքի, հեղուկացված ածխաջրածնային գազերի վաճառակետերում, ինչպես նաև ավտոգազալիցքավորման կայաններում (ԱԳԼՃԿ)։
Իրականացված ստուգումների արդյունքում բենզինի և դիզելային վառելիքի ոլորտում կատարված 46 ստուգումից 19 դեպքում արձանագրվել է չափագիտական խախտում, ինչը կազմել է 41.3 տոկոս։
Հեղուկացված գազի ոլորտում իրականացված 67 ստուգումներից 37-ում գրանցվել են խախտումներ՝ 55 տոկոսի մակարդակով։
Ավտոգազալիցքավորման կայաններում իրականացված 115 ստուգումներից 33 դեպքում արձանագրվել է չափագիտական խախտում, ինչը կազմում է 28.7 տոկոս։
Արմեն Կոտոլյանի խոսքով՝ այն վաճառակետերում, որտեղ արձանագրվում է վառելիքի թերլիցքավորում, կիրառվում է հանրային իրազեկման և տնտեսվարողների պատասխանատվության ապահովման հատուկ միջոցառում։ Մասնավորապես, վառելիքաբաշխիչ աշտարակների վրա մեկ ամիս ժամկետով փակցվում է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» գրությունը։
Այս միջոցառումը նպատակ ունի սպառողին տեղեկացնել արձանագրված խախտման մասին և կանխարգելել նմանատիպ խախտումների կրկնությունը։

