Մարտի 18-ին Ներքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ նվիրված թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարական ծրագրի իրականացման առաջընթացին։
Քննարկմանը մասնակցել են մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչներ՝ ներառյալ ՆԳՆ, Արդարադատության, Առողջապահության, Աշխատանքի և սոցիալական հարցերի, ԿԳՄՍ նախարարությունները, ինչպես նաև Ռազմական ոստիկանությունը, ՊԵԿ-ը և հասարակական կազմակերպություններ։
Հանդիպման ընթացքում ամփոփվել են նախորդ կիսամյակի աշխատանքները, ներկայացվել են իրականացված միջոցառումները, գրանցված առաջընթացը և առկա խնդիրները։
Մասնակիցները կարևորել են ռազմավարության միջոցառումների լիարժեք և համակարգված իրականացումը՝ ընդգծելով միջգերատեսչական համագործակցության խորացման անհրաժեշտությունը։
Նշվել է, որ արդյունավետ պայքարի համար անհրաժեշտ է համադրել իրավապահ, կանխարգելիչ, կրթական և հանրային առողջապահական գործիքները։
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ոլորտում առկա մարտահրավերներին՝ մասնավորապես կարողությունների զարգացման, մասնագիտական ներուժի և ժամանակակից գործիքների կիրառման հետ կապված դժվարություններին։
Ընդգծվել է փորձագետների ներգրավման կարևորությունը, ինչպես նաև շարունակական վերապատրաստումների անհրաժեշտությունը՝ ռազմավարության արդյունավետ իրականացման համար։

