Ռուսաստանի կողմից հայկական գյուղմթերքի և այլ ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին, ՀՀ կառավարությունն ակտիվացնում է տրանսպորտային հաղորդակցությունների դիվերսիֆիկացման ռազմավարությունը: Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի համար բացվել են լոգիստիկ նոր հնարավորություններ, մասնավորապես՝ արդեն լիարժեք գործում է Ախալքալաք-Կարս երկաթուղին:
Բարձր մակարդակի պայմանավորվածություններ Թբիլիսիի և Անկարայի հետ
Վարչապետի փոխանցմամբ՝ տրանսպորտային այս միջանցքի անխափան աշխատանքի շուրջ առկա են հստակ քաղաքական երաշխիքներ տարածաշրջանի երկրների ղեկավարների մակարդակով.
«Ախալքալաք-Կարս երկաթուղու երկու գիծն էլ աշխատում են։ Այս թեմայով նաև Վրաստանի վարչապետի հետ եմ խոսակցություն ունեցել, և նա էլ է հավաստիացրել, որ երկու ուղղությամբ էլ որևէ խնդիր չի առաջանա: Նաև Թուրքիայի նախագահի հետ ենք այս թեմայով խոսել, և նրանք էլ վերահաստատել են, որ այդ ուղղությունները բաց են»,- նշել է Փաշինյանը՝ հավելելով, որ գործադիրը հույս ունի հնարավորինս արագ տեսնել նաև ուղղակի Հայաստան-Թուրքիա երկաթուղու բացումը:
Գործադիրի ղեկավարը շեշտել է, որ հեռանկարում՝ TRIPP նախագծի (Տարածաշրջանային ենթակառուցվածքների և խաղաղության ծրագիր) ամբողջական իրագործման շրջանակներում, Հայաստանի տրանսպորտային հնարավորություններն էականորեն կավելանան։ Հիշեցնենք, որ մայիսի 24-ի իր հայտարարության մեջ վարչապետը նշել էր, որ բացի Ռուսաստանի և Չինաստանի հետ (Վրաստանի ու Ադրբեջանի տարածքով) առկա կապից, Հայաստանն այժմ Վրաստանի և Թուրքիայի տարածքով երկաթուղային ուղիղ ելք ունի դեպի Եվրոպական միություն, իսկ հաջորդիվ սպասվում է Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան և Նախիջևանով Հայաստան-Իրան երկաթգծերի գործարկումը:
Արտահանման կոնսոլիդացիա և մեգացանցերի պահանջները
Անդրադառնալով շուկաների դիվերսիֆիկացման գործնական մեխանիզմներին՝ Նիկոլ Փաշինյանը մատնանշել է տեղական արտադրողների փոքր ծավալների խնդիրը: Նրա խոսքով՝ եվրոպական խոշոր մեգացանցերը հետաքրքրված են հայկական որակյալ ապրանքով (օրինակ՝ լոլիկով), սակայն փոքր ծավալները նրանց համար խոչընդոտ են:
Լուծումը, ըստ վարչապետի, մասնավոր հատվածի խոշորացումն ու լոգիստիկ կենտրոնների ստեղծումն է.
«Հիմա մենք պետք է խթանենք լոգիստիկ կենտրոնների ստեղծումը, որպեսզի արտադրողները կարողանան գտնել բանաձև՝ հանդես գալու որպես միասնական արտահանող։ Փոքր ծավալը կարելի է կոմպենսացնել կոնսոլիդացված մատակարարումներ իրականացնելով»:
Անձնական նամակ Նիդեռլանդների վարչապետից և վարդերի ինդուստրիան
Որպես եվրոպական շուկայի բացման հաջողված օրինակ՝ վարչապետը հայտնել է, որ անձնական նամակ է ստացել Նիդեռլանդների թագավորության վարչապետից: Նամակում նշված է, որ հոլանդական կողմը հատուկ ուշադրություն է դարձնում և կաջակցի, որպեսզի հայկական տնտեսվարողները խնդիրներ չունենան եվրոպական շուկա մուտք գործելիս:
Խոսքը մասնավորապես վերաբերում է հայկական վարդերի արտադրությանը: Փաշինյանն ընդգծել է, որ դեռևս նախորդ աշնանը Կառավարությունը մտածում էր, թե ինչպես կոնսոլիդացնել տեղական վարդի ինդուստրիան հոլանդական բորսաներին հասանելիություն ստանալու համար, և ներկայիս շուկայական փոփոխությունները, հակառակ ռուսական ուղղությամբ սահմանափակումների, «շատ մեծ հնարավորություն են» հայկական ծաղկաբուծության համար:

