Տեղական լուրեր
ՊԵԿ-ը բացահայտել է առանց լիցենզիայի առցանց խաղային հարթակների ստվերային սխեմա
Երևանում բացահայտվել է առանց համապատասխան լիցենզիաների գործող առցանց խաղային հարթակների կազմակերպված համակարգ։ Գործունեության մեջ ներգրավված են եղել հարյուրավոր անձինք, բազմամիլիոնանոց ֆինանսական հոսքեր և կրիպտոդրամապանակներով փոխանցումներ։ ՊԵԿ-ի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են հարյուրավոր աշխատակիցներ, համակարգիչներ, սերվերներ և մեծածավալ փաստաթղթեր։
Մարտի դրությամբ Հայաստանում աշխատողների թվաքանակը կազմել է 812,448 մարդ
Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2026թ. մարտի դրությամբ ՀՀ-ում աշխատողների թվաքանակը կազմել է 812,448 մարդ։ Աշխատատեղերի ամենամեծ ծավալն ապահովում է մեծածախ և մանրածախ առևտրի, ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգման ոլորտը, որտեղ աշխատուժը կենտրոնացված է մասնավոր հատվածում։ Ամենափոքր աշխատուժն արձանագրվել է փոխադրումների, էներգետիկայի, գյուղատնտեսության և անշարժ գույքի ոլորտներում։
Փոքր բիզնեսը հարկերից ազատելու ռիսկերը. ինչո՞ւ դա իրատեսական չէ
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2024 թվականին գերփոքր ձեռնարկատիրություններն ապահովել են պետբյուջեի հարկերի 20.2%-ը, իսկ 2018-2024 թվականներին դրանց թիվն աճել է 68.6%-ով։ Մասնագետները նշում են, որ ոլորտն ամբողջությամբ հարկերից ազատելը ոչ իրատեսական է և վտանգավոր, քանի որ այն կխթանի ստվերային գործունեությունը, կնվազեցնի թափանցիկությունը և կհանգեցնի խոշոր բիզնեսների արհեստական մասնատմանը։
Ամերիկյան ՓՄՌ տեխնոլոգիաների վերաբերյալ վերջնական դիրքորոշում չկա. ՏԿԵՆ
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ստացել է ՀԱԷԿ-ը նոր ամերիկյան փոքր մոդուլային ռեակտորների (ՓՄՌ) տեխնոլոգիաներով փոխարինելու վերաբերյալ «Սարջենթ և Լունդի» ընկերության տեխնիկատնտեսական գնահատման փաթեթը։ Նախարարությունից հայտնում են, որ Հայաստանը դիտարկում է տարբեր երկրների առաջարկներ, և այս փուլում որևէ տեխնոլոգիայի ընտրության հարցում վերջնական որոշում կամ ժամկետներ սահմանված չեն։
Հունվար-մայիսին Հայաստանում սպառողական գների ինդեքսն աճել է 4.5%-ով
2026 թվականի առաջին հինգ ամիսներին Հայաստանում սպառողական գների ինդեքսն աճել է 4.5%-ով, ընդ որում՝ ամենաբարձր աճը գրանցվել է ալկոհոլի և ծխախոտի ապրանքախմբում։ Միևնույն ժամանակ, մայիսին սպառողական գների ընդհանուր մակարդակի նվազմանը զուգահեռ արձանագրվել է հայկական դրամի արժևորում ԱՄՆ դոլարի նկատմամբ։
Միջազգային լուրեր
Ճապոնիան և ԱՄՆ-ը 1 մլրդ դոլար կներդնեն արհեստական բանականության զարգացման համար
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել առաջիկա հինգ տարիների ընթացքում ընդհանուր 1 մլրդ դոլար հատկացնել գիտության ոլորտում արհեստական բանականության (ԱԲ) զարգացմանը։ Ռազմավարական այս համագործակցությունը նպատակ ունի միավորել երկու երկրների գիտական ծրագրերն ու ներուժը։
ԱՄՆ նոր պատժամիջոցների պատճառով եվրոպական ընկերությունները հեռանում են Կուբայից
Կուբայի պետական կառույցների հետ համագործակցող ձեռնարկությունների դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցների ուժի մեջ մտնելուց հետո մի շարք եվրոպական ընկերություններ դադարեցնում են իրենց գործունեությունը երկրում։ Սահմանափակումներն արդեն իսկ բացասաբար են անդրադարձել հյուրանոցային և լոգիստիկ ոլորտների խոշոր օտարերկրյա խաղացողների վրա։
Amazon-ը Եվրոպայում կներդնի ավելի քան 10 մլրդ եվրո և կստեղծի 25 հազար աշխատատեղ
Ամերիկյան Amazon ընկերությունը նախատեսում է առաջիկա տարիներին ավելի քան 10 մլրդ եվրո ներդնել Եվրոպայում պատվերների կատարման կենտրոնների ընդլայնման և արդիականացման համար՝ ստեղծելով 25 հազար նոր աշխատատեղ։ Նոր ծրագրերում մեծ ուշադրություն է դարձվելու ռոբոտացմանը, հատկապես ֆիզիկապես ծանր աշխատանքների ավտոմատացման նպատակով։
ԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի սկզբին կարող է հասնել 41 տրլն դոլարի
Փորձագետների գնահատմամբ՝ Իրանի դեմ ընթացող ռազմական հակամարտության ծախսերի պատճառով ԱՄՆ պետական պարտքը, որն այժմ կազմում է շուրջ 39.2 տրլն դոլար, 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել ռեկորդային՝ 41 տրլն դոլարի ցուցանիշին։

