ABNews

Հունիսի 16-ի բիզնես լուրերը

Լուրեր | 2026/06/16 19:19

Հունիսի 16-ի բիզնես լուրերը

Տեղական լուրեր

Հուլիսի 1-ից Հայաստանում կներդրվի անապահովության գնահատման նոր համակարգ

Նոր մոդելը կփոխարինի ընտանեկան նպաստների հին համակարգին։ Այսուհետ ժամկետանց վարկեր ունենալը կամ երաշխավոր կանգնելը քաղաքացիներին ինքնաբերաբար չի զրկի նպաստից (հաշվի կառնվի վարկի վաղեմությունը)։ Բացի այդ, վերացվել է ուսանողների տարիքային սահմանափակումը. անկախ տարիքից՝ սովորող անձանց այլևս չաշխատող չեն համարի և վիրտուալ եկամուտ չեն վերագրի։

ՊԵԿ-ը գործարկել է արտաքին առևտրով զբաղվողների համար նախատեսված ExIm հարթակը

Պետական եկամուտների կոմիտեն գործարկել է exim.src.am տեղեկատվական հարթակը։ Այն հնարավորություն է տալիս ապրանք կամ ավտոմեքենա ներմուծողներին, արտահանողներին և ԱՏԳ մասնակիցներին րոպեների ընթացքում պարզել անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, վճարվելիք տուրքերն ու գործարքն ավարտին հասցնելու քայլերի հաջորդականությունը։

Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողել է անփոփոխ՝ 6.5%

ՀՀ ԿԲ որոշմամբ՝ քաղաքականության տոկոսադրույքը պահպանվել է 6.5% մակարդակում։ ԿԲ կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանվել է 8.00%, իսկ բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 5.00%:

Արտահանման խնդիրները կարող են գնանկումային ռիսկեր առաջացնել. ԿԲ կանխատեսումը

Ըստ Կենտրոնական բանկի՝ արտահանման առանձին շուկաներում ի հայտ եկած խոչընդոտները կարող են հանգեցնել ներքին տնտեսությունում եկամուտների նվազման, ինչպես նաև որոշ ապրանքախմբերի գծով ավելցուկային առաջարկի ձևավորման։ ԿԲ-ն շարունակում է մոնիտորինգը՝ միջնաժամկետ գնաճի նպատակային մակարդակն ապահովելու համար։

2028 թվականից առողջության համընդհանուր ապահովագրությունը կդառնա պարտադիր բոլորի համար

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ 2028թ. հունվարի 1-ից համակարգի շահառու կդառնան բոլոր քաղաքացիները։ Մինչ այդ՝ 2027 թվականին, համակարգին կմիանան մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացողները, ՔՊ պայմանագրերով աշխատողներն ու տաքսու վարորդները։ Ապահովագրությունը կծածկի առաջնային և անհրաժեշտ բժշկական ծառայությունների փաթեթը։

Միջազգային լուրեր

Մեծ Բրիտանիան ընդլայնել է հակառուսական պատժամիջոցների ցուցակը

Լոնդոնը սև ցուցակում ավելացրել է 43 նոր սուբյեկտ (32 իրավաբանական և 11 ֆիզիկական անձ)։ Նոր սահմանափակումների թիրախում են հայտնվել ռուսական ֆինանսական համակարգի առանցքային կառույցները՝ բանկերն ու ապահովագրական ընկերությունները, ինչպես նաև երրորդ երկրների այն ընկերությունները, որոնք օգնում են շրջանցել պատժամիջոցները։

Հնդկաստանը մայիսին 3.42 մլրդ դոլարի ոսկի է ներմուծել

Այս ցուցանիշը 34%-ով գերազանցում է նախորդ տարվա մայիսի տվյալները։ Ընդհանուր առմամբ՝ 2026թ. առաջին հինգ ամիսներին Հնդկաստանը ներմուծել է 31.62 մլրդ դոլարի ոսկի (տարեկան աճը՝ 2.1 անգամ)։ Լինելով աշխարհի խոշորագույն սպառողներից մեկը՝ երկիրը սեփական արտադրության սահմանափակության պատճառով ամբողջությամբ կախված է ներկրումից։

Nvidia-ն նախատեսում է պարտատոմսերի միջոցով ներգրավել 20 մլրդ դոլար

Տեխնոլոգիական հսկան ծրագրում է առնվազն 20 միլիարդ դոլար ներգրավել պարտքային արժեթղթերի տեղաբաշխման միջոցով։ Միջոցներն ուղղվելու են ընդհանուր կորպորատիվ նպատակներին, այդ թվում՝ գործող պարտավորությունների վերաֆինանսավորմանն ու մարմանը։ Ներկայում Nvidia-ի երկարաժամկետ պարտքը կազմում է շուրջ 7.5 մլրդ դոլար։

OpenAI-ի զուտ վնասը 2025 թվականին աճել է գրեթե ութ անգամ

Արհեստական բանականության շուկայում առաջատար դիրքերն ամրապնդելու նպատակով OpenAI-ի ծախսերը 2025 թվականին հասել են 34 միլիարդ դոլարի։ Դրանցից մոտ 19 միլիարդ դոլարն ուղղվել է գիտահետազոտական (R&D) աշխատանքներին, իսկ 6 միլիարդ դոլարը՝ վաճառքին և մարքեթինգին, ինչի արդյունքում ընկերության զուտ վնասը բազմապատկվել է։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը