ABNews

Հունիսի 12-ի բիզնես լուրերը

Լուրեր | 2026/06/12 19:19

Հունիսի 12-ի բիզնես լուրերը

Տեղական լուրեր

«Ռոսսելխոզնադզորը» հունիսի 12-ից արգելում է հայկական բուսական արտադրանքի ներկրումն ու տարանցումը

Ռուսաստանի բնապահպանական և սանիտարական վերահսկողության գերատեսչությունը հայտարարել է 2026 թվականի հունիսի 12-ից Հայաստանից ծագող բոլոր ենթակարանտինային ապրանքների ներկրման, ինչպես նաև ՌԴ տարածքով դեպի ԵԱՏՄ այլ երկրներ դրանց տարանցման լիակատար արգելքի մասին։ Սահմանափակումը կգործի այնքան ժամանակ, մինչև Երևանի հետ չմշակվի ապրանքների անվտանգության ապահովման կոնկրետ ալգորիթմ։

Հայաստանի 5 խոշոր ջրամբարներում լցվածությունը հասնում է գրեթե 100%-ի

Շրջակա միջավայրի նախարարության տվյալներով՝ Ախուրյանի, Ազատի, Մարմարիկի և Ապարանի ջրամբարներում լցվածությունը մոտեցել է 100%-ին, իսկ Արփի լճում՝ 91%-ի։ Միևնույն ժամանակ, Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա համեմատ ցածր է 6 սմ-ով, սակայն նախարարությունը հույս ունի, որ մինչև ամսվա վերջ ցուցանիշը կհավասարվի նախորդ տարվան։

Օդանավակայանում կանխվել է 30 սմարթֆոնի և 14 մլն ռուբլու անօրինական դուրսբերումը

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի կորած և գտնված իրերի բաժնի աշխատակիցը փորձել է ծառայողական անցակետով դուրս բերել թղթե տոպրակ, որում ավիացիոն անվտանգության ծառայությունը հայտնաբերել է 30 հատ iPhone հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի կանխիկ դրամ։ Դեպքի վերաբերյալ նյութերը փոխանցվել են ՊԵԿ համապատասխան վարչությանը։

ՇՄՆ-ն հորդորում է ինքնակամ ձկներ բաց չթողնել Սևանա լիճ և գետեր

Շրջակա միջավայրի նախարարությունը կոչ է անում քաղաքացիներին զերծ մնալ բնական ջրային միջավայրեր ինքնակամ տարբեր ձկնատեսակներ բաց թողնելուց, քանի որ օտար տեսակները կարող են խախտել ջրամբարների բնական հավասարակշռությունը։ Նման դեպքեր արձանագրելիս նախարարությունը հորդորում է անմիջապես տեղեկացնել լիազոր մարմիններին։

Վարորդական իրավունքի վերականգնումը կդառնա վճարովի. կսահմանվի 50,000 դրամ տուրք

ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ Կառավարության նոր առաջարկով, վարորդական իրավունքից զրկման ժամկետը լրանալուց հետո (1 կամ 2 տարի), այն վերականգնելու համար կսահմանվի 50 հազար դրամ պետական տուրք։ Վճարումից հետո իրավունքը կվերականգնվի ինքնաշխատ եղանակով, և վարորդին մեկ տարվա համար կտրվի սահմանափակ՝ 6 բալ մեկնարկային միավոր։

Միջազգային լուրեր

Իլոն Մասկը դարձել է պատմության մեջ առաջին տրիլիոնատերը

Reuters-ի փոխանցմամբ՝ SpaceX ընկերության IPO-ի (բաժնետոմսերի հրապարակային տեղաբաշխման) մեկնարկից հետո ամերիկացի գործարար Իլոն Մասկի զուտ կարողությունը գերազանցել է 1.1 տրիլիոն դոլարը։ Նրա հիմնական ակտիվները կենտրոնացված են SpaceX-ում (շուրջ 866 մլրդ դոլար), ինչպես նաև Tesla-ում, X սոցիալական հարթակում և ԱԲ նախագծերում։

ԱՄՆ-ը դարձել է նավթի աշխարհի խոշորագույն արտահանողը

Reuters գործակալությունը հայտնում է, որ Միացյալ Նահանգները շրջանցել է Սաուդյան Արաբիային և ՕՊԵԿ-ին՝ դառնալով նավթի աշխարհի խոշորագույն արտահանողը։ 2026 թվականի մայիսի տվյալներով՝ ԱՄՆ-ից նավթի և պատրաստի վառելիքի արտահանման ծավալները հասել են ռեկորդային՝ օրական մոտ 10.5 մլն բարելի։

Ուկրաինան արևմտյան գործընկերներից կպահանջի լրացուցիչ 20 մլրդ դոլարի օգնություն

Տնտեսական կայունությունն ու դիմակայունությունն ամրապնդելու նպատակով Կիևը մտադիր է Եվրամիությունից և արևմտյան այլ դոնորներից պահանջել լրացուցիչ 20 միլիարդ դոլարի ֆինանսավորում։ Թեև եվրոպական քաղաքական շրջանակներում այս հարցը միանշանակ չի ընդունվում, Բրյուսելը շարունակում է կատարել ընթացիկ պարտավորությունները։

Պարարտանյութերի ճգնաժամ. Եվրահանձնաժողովն առաջարկում է աջակցության նոր փաթեթ

Եվրահանձնաժողովն առաջարկել է ԵՄ ֆերմերներին հատկացնել լրացուցիչ 540 մլն եվրո՝ պարարտանյութերի գների աճի ծախսերը փոխհատուցելու համար, ինչի արդյունքում ընդհանուր աջակցության ծավալը կհասնի 1.5 մլրդ եվրոյի։ Ճգնաժամն ուղղակիորեն կապված է Ռուսաստանի և Բելառուսի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցների հետ։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը