ABNews

Հունիսի 10-ի բիզնես լուրերը

Լուրեր | 2026/06/10 19:19

Հունիսի 10-ի բիզնես լուրերը

Տեղական լուրեր

«Ռոսսելխոզնադզորը» հայկական մթերքի նկատմամբ ամսական մոնիթորինգ է սահմանել

Գերատեսչության ղեկավար Սերգեյ Դանկվերտը հայտարարել է, որ Հայաստանից կատարվող մատակարարումների նկատմամբ սահմանվել է ամսական մոնիթորինգ։ Եթե մեկ ամսվա ընթացքում որևէ արտադրանքի գծով արձանագրվի խաղտումների աճ, ռուսական կողմը պատրաստ է դուրս գալ բանակցությունների։

ԱՄՀ-ն Հայաստանին կհատկացնի ևս 25.1 մլն ԱՄՆ դոլար

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) Stand-By Arrangement համաձայնագրի շրջանակում Հայաստանին կտրամադրի ևս 25.1 միլիոն դոլար, ինչով ծրագրի ընդհանուր ֆինանսավորումը կհասնի շուրջ 50.2 միլիոն դոլարի։ Այս միջոցներն ուղղվելու են ֆինանսական բուֆերների ամրապնդմանը և բյուջեի դեֆիցիտը մինչև ՀՆԱ-ի 4.0%-ը կրճատելուն։

2025 թվականին ՀՀ ԱԺ բյուջետային ծախսերն ավելացել են 4.6%-ով

2024 թվականի համեմատ՝ նախորդ տարի ՀՀ Ազգային ժողովի ծախսերն ավելացել են 326,500,000 դրամով։ ԱԺ 2025թ. բյուջեն կատարվել է 98.4%-ով, իսկ ծախսերի արդյունավետության շնորհիվ տնտեսագիտական տարբեր հոդվածներով ընդհանուր առմամբ տնտեսվել է 19.7 մլն դրամ։

ՊԵԿ-ը հիշեցնում է հիմնադրամներին տարեկան հաշվետվությունների ներկայացման ժամկետների մասին

Պետական եկամուտների կոմիտեն կոչ է անում հիմնադրամներին պահպանել օրենսդրության պահանջները և իրենց տարեկան գործունեության հաշվետվությունները հրապարակել մինչև հաջորդող տարվա հուլիսի 1-ը։ Ժամկետների խախտումը կամ չհրապարակումը կարող է առաջացնել օրենքով նախատեսված իրավական հետևանքներ։

Անդամավճարները չվճարելու պատճառով ՀԱՊԿ-ը կդիտարկի Հայաստանի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու հարցը

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ պարտավորությունները չկատարելու և անդամավճարները չմուծելու պատճառով ՀԱՊԿ-ը կդիտարկի Կանոնադրության համապատասխան հոդվածի կիրառումը։ Երկու տարի շարունակ բյուջե չվճարելու դեպքում երկիրը կարող է զրկվել ձայնի իրավունքից և քվոտավորված պաշտոններում սեփական քաղաքացիներին առաջադրելու հնարավորությունից։

Միջազգային լուրեր

Կրիպտոարժույթների շուկայի կապիտալիզացիան մայիսին նվազել է 3.3%-ով

2026 թվականի մայիսին թվային ակտիվների շուկայի ընդհանուր կապիտալիզացիան կրճատվել է՝ կազմելով 2.55 տրիլիոն դոլար։ Անկումը պայմանավորված է մի քանի մակրոտնտեսական գործոններով, այդ թվում՝ ԱՄՆ պետպարտատոմսերի եկամտաբերության աճով, գնաճային սպասումներով և Մերձավոր Արևելքի աշխարհաքաղաքական լարվածությամբ։

Եվրոպան հաջորդ ձմռանն ընդառաջ պահեստարաններ է մղել 16 մլրդ խմ գազ

Ներկայում եվրոպական ստորգետնյա գազապահեստարանները լցված են 42.8%-ով, ինչը 14.31 տոկոսային կետով ցածր է վերջին հինգ տարվա միջին ցուցանիշից։ Ըստ Եվրահանձնաժողովի պահանջի՝ ԵՄ երկրները մինչև ձմեռային սեզոնի սկիզբը (հոկտեմբեր-դեկտեմբեր) պետք է ապահովեն պահեստարանների 90% լցվածություն։

Ավիացիոն ոլորտի համաշխարհային շահույթը կարող է կրճատվել գրեթե երկու անգամ․ FT

Financial Times-ի փոխանցմամբ՝ Մերձավոր Արևելքի հակամարտության ֆոնին ավիավառելիքի բարձր գները փոխադրողներին կստիպեն զգալիորեն վերանայել ձմեռային չվացուցակները և չեղարկել տասնյակ հազարավոր չվերթներ։ Արդյունքում ոլորտի համաշխարհային շահույթը կարող է 43 միլիարդ դոլարից նվազել մինչև 23 միլիարդ դոլար։

Չինաստանի արտահանումը մայիսին տարեկան կտրվածքով աճել է 19.4%-ով

Մայիսին Չինաստանի արտահանման ծավալները հասել են ռեկորդային՝ 376.8 մլրդ դոլարի։ Ամենամեծ աճը գրանցվել է ինտեգրալ սխեմաների (միկրոչիպերի) և տվյալների մշակման սարքավորումների արտադրության ոլորտում։ Դեպի ԵՄ արտահանումն աճել է 7.6%-ով։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը