Հրապարակվել է «Ոսկե գնդակ 2026»-ի ֆավորիտների ցանկը

Մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա սեպտեմբերին Փարիզի «Շատլե» թատրոնում։

Goal.com պորտալը թարմացրել է 2025/26 մրցաշրջանի արդյունքներով աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների վարկանիշը։ Աղյուսակը գլխավորում է Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը, ով փայլուն մրցաշրջան է անցկացնում։ Հետաքրքրական է, որ երկրորդ հորիզոնականում նրա ակումբակից Մայքլ Օլիսեն է, իսկ լավագույն եռյակը եզրափակում է «Բարսելոնայի» երիտասարդ տաղանդ Լամին Յամալը։

Վարկանիշը փաստում է ֆուտբոլային էլիտայի սերնդափոխությունը. բազմամյա առաջատարներ Լիոնել Մեսսին և Կրիշտիանու Ռոնալդուն նահանջել են համապատասխանաբար 13-րդ և 14-րդ տեղեր։ Մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա սեպտեմբերին Փարիզի «Շատլե» թատրոնում, որտեղ պարզ կդառնա՝ կկարողանա՞ արդյոք Քեյնը նվաճել իր կարիերայի առաջին «Ոսկե գնդակը», թե՞ մրցանակը կմնա Ֆրանսիայում, ինչպես նախորդ տարի Ուսման Դեմբելեի դեպքում։