ABNews

Հրատարակչությունները 15 միլիոն գիրք են կորցրել՝ Ozon-ի և Wildberries-ի պահեստներին հասցված հարվածների հետևանքով

Միջազգային անցուդարձ | 2026/09/04 14:30

Հրատարակչությունները 15 միլիոն գիրք են կորցրել՝ Ozon-ի և Wildberries-ի պահեստներին հասցված հարվածների հետևանքով

Ռուսաստանի գրահրատարակչությունները կորցրել են 6 մլրդ ռուբլի՝ ուկրաինական անօդաչու սարքերի կողմից Ozon-ի և Wildberries-ի պահեստներին հասցված հարվածների պատճառով։ Այդ մասին «Ռուսաստանի գրքի շուկա-2026» համաժողովում հայտնել է ՌԴ թվային զարգացման նախարարության պարբերական մամուլի և գրքի արդյունաբերության պետական աջակցության դեպարտամենտի տնօրեն Վլադիմիր Գրիգորևը, գրում է «Коммерсантъ»-ը։ Նրա տվյալներով, մարքեթփլեյսների բաշխիչ կենտրոններում ընդհանուր առմամբ այրվել է 15 մլն գիրք։ Իր հերթին, «Էքսմո»-ի գլխավոր տնօրեն Եվգենի Կապևը չի բացառել, որ կորցրած գրքերի թիվը կհասնի 20 մլնի։

Թվային զարգացման նախարարության ներկայացուցիչը նշել է, որ գրքի ոլորտի աջակցության շրջանակում քննարկվում է մեկ տարով 5% արտոնյալ ԱԱՀ սահմանելու հնարավորությունը։ «Էքսմո»-ում առաջարկում են նվազեցնել տպագիր արտադրանքի ԱԱՀ-ն, սահմանել ոչնչացված ապրանքների համար հարկի վերականգնման արգելք, ինչպես նաև թույլատրել դրանց ամբողջ արժեքը ներառել ծախսերում։ Հրատարակչությունը նաև անհրաժեշտ է համարում շրջանառու միջոցների համալրման համար արտոնյալ վարկեր տրամադրել։ «Հիմա պետք է գոնե որևէ նախադեպ աջակցության հարցում։ Այո՛, իհարկե, 5% արտոնյալ ԱԱՀ-ն չի փրկի ոլորտը, բայց դա գոնե ինչ-որ աջակցություն կլինի», — նշել է «Ռոսմեն»-ի գլխավոր տնօրեն Բորիս Կուզնեցովը։

Ուկրաինայի զինված ուժերը (ՈւԶՈՒ) հուլիսի 18-ից սկսել են հարվածներ հասցնել ռուսաստանյան խոշորագույն մարքեթփլեյս Wildberries-ի պահեստներին։ Անցած ժամանակահատվածում 16 տարածաշրջանում 23 պահեստ է հարվածի ենթարկվել։ Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ ամբողջությամբ շարքից հանել են մարքեթփլեյսի տասը խոշորագույն հանգույցներից յոթը, այդ թվում՝ ամենախոշորը Մոսկվայի մարզի Կոլեդինոյում (250 հազար քառակուսի մետր)։ Բացի այդ, օգոստոսի 22-ից ուկրաինական բանակի արշավը տարածվել է նաև Ռուսաստանի մեծությամբ երկրորդ մարքեթփլեյսի՝ Ozon-ի պահեստների վրա։ Ընդհանուր առմամբ, հարձակման է ենթարկվել ընկերության առնվազն յոթ օբյեկտ։

Data Insight-ի վերլուծաբանները գնահատել էին, որ միայն Wildberries-ի ուղիղ վնասները՝ ենթակառուցվածքի կորստից, օգոստոսի կեսերին կազմել են 147-ից 223 մլրդ ռուբլի։ Ընդ որում, մարքեթփլեյսի սելլերները կորցրել են 445–507 մլրդ ռուբլու ապրանք։ Այսպիսով, ընդհանուր վնասի չափը կարող է հասնել 800 մլրդ ռուբլու։ Իր հերթին, Ozon-ը ենթակառուցվածքի վրա հարձակումների հետևանքով կարող էր կորցնել 30–62,5 մլրդ ռուբլի, իսկ դրա վաճառողները՝ 88,5–107 մլրդ ռուբլի։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մարքեթփլեյսների պահեստներին հասցված հարվածները բացատրել էր նրանով, որ դրանք օգտագործվում են ռուսաստանյան բանակի ապահովման համար։ Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով հարձակումները, հայտարարել է, որ դրանք Ռուսաստանին «կենսական նշանակության վնաս» չեն հասցրել։ Միևնույն ժամանակ, նա ստորագրել է հրամանագիր, որը թույլ է տալիս պետության ժամանակավոր կառավարմանը փոխանցել այն ձեռնարկություններն ու օբյեկտները, որոնց սեփականատերերը չեն ապահովել դրանց պաշտպանությունը դրոնների հարվածներից։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը