Ինչպես գումար խնայել՝ երազանքները իրականացնելու համար․ խորհուրդ ԿԲ-ից

Այսօր մեկնարկել է «Փողի միջազգային շաբաթ» միջազգային իրազեկման արշավը, որը հիմնադրվել է 2012 թվականին և այժմ իրականացվում է տնտեսական համագործակցության և զարգացման միջազգային կազմակերպության կողմից։

Այս մասին, այսօր՝ մարտի 16–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Կենտրոնական բանկի ֆինանսական կրթման և ներառման բաժնի պետ Արաքս Մանուչարյանը։

«Այս պահին շուրջ 100 երկրներ  միացած են արշավին, և իրենց երկրներում իրականացվում են տարբեր միջոցառումներ, այդ թվում առցանց և դեմ առ դեմ, և հնարավորություն են ստեղծում, որպեսզի մարդիկ խոսեն իրենց անձնական ֆինանսների հարցերից, խնդիրներից, ունեցած փորձից, և լսեն փորձառուներին, ֆինանսիստներին և կարողանան ավելի լավ կառավարել իրենց միջոցները»՞,–ասաց նա։

Մանուչարյանը տեղեկացրեց, որ այս տարի ԿԲ խորհրդի անդամները և ֆինանսների գծով փորձագետները կայցելեն որոշ երիտասարդական կենտրոններ Հայաստանի 5 քաղաքներում՝ Արմավիր, Էջմիածին, Հրազդան, Գավառ, Արթիկ, Գյումրի։

«Բացի այդ, ունենք երկու մրցույթներ, առաջին մրցույթը այս տարվա փողի միջազգային շաբաթվա խորագրին է վերաբերում։ Ամեն տարի մի խորագիր են ընտրում մեր գործընկերները և այս տարի իրականում միասին ենք ընտրել, որովհետև Հայաստանը համանախագահող երկիր է այս նախաձեռնության և ընտրել ենք Smart Money Talks, հայերեն հնչում է «խելացի զրույցներ փողի մասին»  և հենց դա է այս տարվա մրցույթի հիմքում։

Եթե մարդիկ ունեն որևէ պատմություն, որն ուզում են կիսել ուրիշների հետ, դա կլինի զեղծարարության պատմություն, խարդախության պատմություն կամ դրական ֆոնի վրա, օրինակ, խնայել են գումար և իրականացրել իրենց ցանկություններից կամ երազանքներից որևէ մեկը, կամ պարտք են վերցրել և դա լավն է եղել կամ վատն է եղել, իրավունքներն են իրենց կարողացել պաշտպանել և այլն։

Առաջարկում ենք հոլովակ նկարահանել կարճ ձեր միջոցներով, ձեր հեռախոսով և հրապարակել, մեր abcfinance.am էջում կգտնեք մանրամասները մրցույթի և հաղթողները կստանան դրամական պարգևներ։

Ինչպես նաև ունենք մաթեմատիկայի մրցույթ մեր էջում, եթե կարողանում եք հաշվարկներ կատարել ֆինանսների գծով, հատկապես բարդ տոկոս հաշվել, ձեզ համար այնտեղ մի խնդիր ունենք, կարող եք լուծել և ստանալ մաթեմատիկայի խնդրագիրք»,–ասաց նա։

Արաքս Մանուչարյանի խոսքով՝ ընդհանրապես անձնական ֆինանսների կառավարումը ունի ութ հիմնական թեմա. «Առաջինը մենք օգնում ենք սպառողներին, որ կարողանան հասկանալ ինչ է փոխարժեքը, ինչ է գնաճը, ինչպես հասկանան մակրոտնտեսական հասկացությունները և կիրառեն իրենց անձնական ֆինանսները կառավարելիս, այնուհետև բյուջեի պլանավորում՝ ինչպես լավ կառավարել ձեր եկամուտները և ծախսերը, եթե չի բավարարում ձեր եկամուտը ինչպես ավելացնել։ Եթե չեք տեղավորվում ձեր ծախսերը կատարելիս, ինչպես դա տեղավորել ձեր ֆինանսների մեջ, հետո խնայողություններ, որովհետև արդեն աշխարհի փորձը ցույց է տվել, որ առանց խնայողությունների չկա ֆինանսական բարեկեցություն։ Ֆինանսապես բարեկեցիկ լինելու համար պետք է անպայման ունենանք անվտանգության բարձիկ կոչեցյալը, որը ձեր ամսական եկամուտների գոնե քառապատիկն է։ Օրինակ, եթե ամսական կտրվածքով ծախսում եք միջինում 150 000 դրամ, գոնե 600 000 դրամ պետք է ունենաք մի կողմ դրած գումար, որը ձեզ կօգնի չնախատեսված իրավիճակներում, և առողջական, և աշխատանքային կորուստ և այլն։ Սա ձեր անձնական ֆինանսների կառավարման ամենաառաջին քայլերը պետք է լինեն։

Խոսում ենք նաև խնայողություններով երազանքներն իրականացնելու մասին խնայողությունները տեղաբաշխելու մասին, օրինակ ինչպես կարող եք տեղաբաշխել ձեր խնայողությունները ավանդներում, պարտատոմսերում, խոսում են նաև կրիպտոակտիվների մասին, դրանց ռիսկերի հնարավորությունների մասին»,– ընդգծեց նա։