ՀՀ կառավարությունը հերթական նիստի ընթացքում որոշում է կայացրել փոխհատուցում տրամադրել Հայաստանից պտուղ-բանջարեղեն և ծաղիկներ արտահանող տնտեսավարողներին։ Միջոցառման նպատակն է խթանել տեղական արտադրանքի արտահանումը դեպի Եվրոպական միության, Միացյալ Թագավորության և Կանադայի շուկաներ՝ մաքսատուրքերի փոխհատուցման միջոցով։
Աջակցությունը կվերաբերի 2026 թվականի հունիս ամսվա ընթացքում ՀՀ տարածքից արտահանված ջերմատնային արտադրության թարմ պտուղ-բանջարեղենին և ծաղիկներին։ Պետական աջակցությունը նախատեսվում է այն տնտեսվարողների համար, որոնք արտահանում են հայկական ծագման ապրանքներ՝ փոխհատուցելով ներմուծող երկրում գանձված մաքսատուրքի արժեքը։ Բացի այդ, փոխհատուցելի ապրանքների շարքին կավելացվի նաև «մշակաբույսերի աճեցում» տնտեսական գործունեության տեսակի արտադրանքը։
Փոխհատուցման չափերն ըստ ապրանքատեսակների.
Ելակ՝ 770 դրամ՝ յուրաքանչյուր 1 կգ-ի համար,
Լոլիկ՝ 275 դրամ՝ յուրաքանչյուր 1 կգ-ի համար,
Պղպեղ՝ 400 դրամ՝ յուրաքանչյուր 1 կգ-ի համար,
Ծաղիկ՝ 37 դրամ՝ յուրաքանչյուր 1 հատի համար։
Ըստ կանխատեսումների և արտահանման դինամիկայի վերլուծության՝ 2026 թվականի հունիսին այս միջոցառման շրջանակում արտահանման ենթակա ծավալները կկազմեն շուրջ 4250 տոննա պտուղ-բանջարեղեն և 10 մլն հատ ծաղիկ։
Որոշման նախապատմությունը և պատճառները
Այս քայլին կառավարությունը դիմել է Ռուսաստանի Դաշնության կողմից սահմանված արգելքների պատճառով։ 2025 թվականի տվյալներով՝ Հայաստանից թարմ պտուղ-բանջարեղենի և ծաղիկների արտահանման ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 72.9 մլրդ դրամ, որի 93.3 տոկոսը բաժին է ընկել ռուսական շուկային։
Սակայն 2026 թվականի մայիսից իրավիճակը փոխվել է.
Մայիսի 25-ին ՀՀ ՍԱՏՄ–ն որոշ տնտեսվարողների արգելել է ելակ արտահանել ՌԴ։
Մայիսի 30-ից «Ռոսսելխոզնադզորը» ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել Հայաստանից թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներկրման վրա՝ պատճառաբանելով բուսասանիտարական խախտումների հաճախակիացումը։
Հունիսի 2-ից սահմանափակվել է կորիզավոր պտուղների և խաղողի ներմուծումը։
Հուլիսի 3-ից ուժի մեջ կմտնի նաև խնձորի, սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներկրման արգելքը։
Էկոնոմիկայի նախարարության հաղորդմամբ՝ արտահանողների հետ քննարկումների արդյունքում պարզ է դարձել, որ այլընտրանքային շուկաներում հայկական արտադրանքի մրցունակությունն ապահովելու համար անհրաժեշտ է պետական աջակցություն՝ ֆինանսական փոխհատուցման տեսքով։ Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այս քայլը կմեղմի ջերմատնային արտադրության ոլորտի խնդիրները և հնարավորություն կտա ապահովել ընկերությունների բնականոն գործունեությունը։

