Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2024 թվականի բնակչության մարդահամարի վերջնական արդյունքները, որոնց համաձայն՝ երկրի բնակչությունը կազմում է 3.93 միլիոն մարդ՝ 2014 թվականի 3.71 միլիոնի դիմաց։ Չնայած ընդհանուր աճին, երկրի էթնիկ և կրոնական կառուցվածքում ուշագրավ տեղաշարժեր են արձանագրվել, հաղորդում է «Новости-Грузия»-ն։
Էթնիկ պատկերը. Վրացիներ, ադրբեջանցիներ և հայեր
Վերջին տասը տարում էթնիկ վրացիների մասնաբաժինը երկրի ընդհանուր բնակչության մեջ նվազել է 86.8%-ից մինչև 84.1%, թեև նրանց բացարձակ թիվն աճել է 2.5%-ով և հասել 3.3 միլիոնի։
Մեծությամբ երկրորդ էթնիկ խումբը շարունակում են մնալ ադրբեջանցիները՝ 268.8 հազար մարդ (6.8%), որոնց թվաքանակը տասը տարում աճել է 15.4%-ով։
Երրորդ տեղում հայերն են. նրանց թվաքանակն աճել է ընդամենը 0.7%-ով՝ հասնելով 169.3 հազարի: Վրաստանի բնակչության ընդհանուր կազմում հայերի մասնաբաժինը կազմում է 4.3%:
Օտարերկրացիներ և կրոնական փոփոխություններ
Օտարերկրյա քաղաքացիների թվում ամենամեծ խումբը կազմում են ռուսաստանցիները (37.7 հազար մարդ)։ Նրանց հաջորդում են Հնդկաստանի (23.9 հազար) և Ուկրաինայի (11.5 հազար) քաղաքացիները։ Առաջատար տասնյակում են նաև Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Բելառուսի, Իրանի, Իսրայելի և Հորդանանի քաղաքացիները։
Կրոնական պատկեր. Մարդահամարն արձանագրել է Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդների թվի նվազում 6.7%-ով. նրանց թիվը Վրաստանում կազմում է 101,736 մարդ:
Լեզվական խնդիրը և մայրենի լեզուն
Վրացերենը մնում է մայրենի լեզու 3.34 միլիոն բնակչի համար: Ադրբեջաներենը որպես մայրենի է նշել 265.5 հազար, իսկ հայերենը՝ 139.4 հազար մարդ։
Միևնույն ժամանակ, Վրաստանում գրեթե 183 հազար մարդ ընդհանրապես չի տիրապետում վրացերենին (նույնիսկ նվազագույն մակարդակով)։ Չտիրապետողների հիմնական կազմն ունի հետևյալ պատկերը.
Ադրբեջանախոսներ` ավելի քան 118 հազար մարդ
Հայախոսներ` գրեթե 43 հազար մարդ
Ռուսախոսներ` ավելի քան 11 հազար մարդ

