Ինչպե՞ս են զարգացել գնաճային սպասումները վերջին մեկ տարվա ընթացքում․ ԿԲ

Դրամավարկային քաղաքականության հաշվետվողականության զեկույցում ներկայացված է քաղաքականության արդյունքների խորքային գնահատում

ՀՀ ԿԲ-ն հրապարակել է դրամավարկային քաղաքականության հաշվետվողականության զեկույցը։ 

ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը ուրախ է ներկայացնելու 2025 թվականի դրամավարկային քաղաքականության հաշվետվողականության զեկույցը, որը դրամավարկային քաղաքականության թափանցիկության և հաշվետվողականության շարունակական բարելավման հանձնառության կարևոր բաղադրիչներից է: Սույն զեկույցը ՀՀ կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության հաշվետվողականության զեկույցների շարքից առաջինն է, որոնք հրապարակվելու են յուրաքանչյուր տարվա առաջին եռամսյակի ավարտին։

ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը դրամավարկային քաղաքականության երկարաժամկետ նպատակների վերաբերյալ հայտարարության մեջ ընդգծում է հստակ և արդյունավետ հաղորդակցության, թափանցիկության և հաշվետվողականության կարևորությունը՝ կենտրոնական բանկի՝ որպես հանրային հատվածում գործող անկախ կառուցի համար: Սույն զեկույցը հանրության նկատմամբ մեր հանձնառության կարևոր բաղադրիչ է, որը նպատակաուղղված է ապահովելու, որ քաղաքականության որոշումները լինեն ավելի ընկալելի և թափանցիկ: Այս առաջնահերթությունը գների կայունության մեր հանձնառության ապահովման կարևոր հենասյուն է, որի վերջնանպատակը հասարակության բարեկեցության բարելավումն է:

Սույն զեկույցը ներկայացնում է գների կայունության նպատակի ապահովման համար Կենտրոնական բանկի կողմից իրականացված դրամավարկային քաղաքականության արդյունքները: Զեկույցն ամփոփ անդրադարձ է կատարում նախորդ տարիների տնտեսական զարգացումներին, որին հաջորդում է 2025 թվականի ընթացքում կայացված դրամավարկային քաղաքականության որոշումների մանրամասն ներկայացումը: Սա ներառում է որոշումների կայացման գործընթացում դիտարկված տարբեր տնտեսական սցենարների համապարփակ քննարկումը, ինչպես նաև Խորհրդի կողմից «նվազագույն ափսոսանքի» քաղաքականության հայեցակարգի ներքո ռիսկերի կառավարման մոտեցման արդյունքների նկարագիրը: Կարևորելով Խորհրդի անդամների անհատական հաշվետվողականության հանձնառությունը՝ զեկույցը ներկայացնում է, տարվա ընթացքում քաղաքականությանն առնչվող հարցերի շուրջ Խորհրդի յուրաքանչյուր անդամի մտածողության փոփոխությունը։ Միևնույն ժամանակ, առաջնորդվելով քաղաքականության հիմնակարգի և որոշումների կայացման գործընթացում հաղորդակցման ու թափանցիկության բարձր չափանիշների ապահովման հանձնառությամբ՝ զեկույցն անդրադառնում է 2025 թվականի ընթացքում դրամավարկային քաղաքականության մշակման և իրականացման գործընթացի վերաբերյալ հանրային հետաքրքրություն ներկայացնող և առավել հաճախ քննարկվող հարցերին:

Սույն զեկույցը կազմվել է «Կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջներին համապատասխան, համաձայն որի՝ յուրաքանչյուր տարվա առաջին եռամսյակի ընթացքում ՀՀ ԿԲ-ը պատրաստում և հրապարակում է առնվազն նախորդ 12 ամիսների ընթացքում իրականացված դրամավարկային քաղաքականության արդյունքները:

Սույն զեկույցը կազմվել է Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության վարչության թիմի կողմից՝ ՀՀ ԿԲ Խորհրդի առաջնորդությամբ: Քանի որ դրամավարկային քաղաքականության որոշումների ազդեցությունը տնտեսության վրա դրսևորվում է ժամանակային լագով, սույն զեկույցն ամփոփում է քաղաքականության՝ առանց ապագայի իմացության (ex-ante) գնահատումը: Դա հնարավորություն է տալիս հասկանալու, թե քաղաքականություն իրականացնող մարմինները, ժամանակի սահմանված պահին, ինչպես և ինչու են կայացրել իրենց որոշումները:

ՀՀ ԿԲ խորհուրդը հաստատում է սույն զեկույցում ներկայացված եզրահանգումները՝ ընդգծելով տնտեսական անորոշությունների պայմաններում առկա մարտահրավերներից բխող ռիսկերի կառավարմանն ուղղված քաղաքականության արձագանքի վերաբերյալ քննարկումները:

ՀՀ ԿԲ խորհուրդը վերահաստատում է իր հանձնառությունը բարձր թափանցիկության և հաշվետվողականության առաջնահերթությունների պահպանման ու ամրապնդման գործընթացում և հաստատում իր հետևողականությունը` գների կայունության նպատակի ապահովման հարցում:

Զեկույցը ամբողջությամբ՝ այստեղ