Հայաստանի Հանրապետությունում մթնոլորտային օդի պահպանության ոլորտում իրականացվում են համակարգային բարեփոխումներ՝ միջազգային չափանիշներին համապատասխան կառավարման համակարգ ձևավորելու նպատակով։ Այս մասին հայտարարել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։
Նախարարի փոխանցմամբ՝ մշակվել է մթնոլորտային օդի պահպանության հնգամյա ծրագիր, որը սահմանում է գործողությունների հաջորդականությունը և պատասխանատու կառույցների շրջանակը՝ օդի աղտոտվածության նվազեցմանն ուղղված երկարաժամկետ լուծումներ ապահովելու համար։
Գնահատման նոր մեթոդաբանություն և տեխնիկական համալրում Բարեփոխումների շրջանակում վերանայվել է օդի որակի գնահատման ամբողջական համակարգը։ Միջազգային ստանդարտներին համապատասխան փոխվել են չափման և վերլուծության մեթոդները, ինչը թույլ կտա ստանալ ավելի ճշգրիտ և համադրելի տվյալներ։
Նոր մոտեցմամբ օդի որակը գնահատվելու է տարածքային սկզբունքով՝ հաշվի առնելով յուրաքանչյուր տարածաշրջանի առանձնահատկություններն ու տեղական բնապահպանական խնդիրները։ Զուգահեռաբար, հանրապետության տարածքը համալրվում է ժամանակակից դիտակայաններով, որոնք ապահովելու են օդի որակի փոփոխությունների վերաբերյալ տվյալների հասանելիությունն ու թափանցիկությունը իրական ժամանակում (real-time)։
Կարգավորումներ արդյունաբերության և շինարարության ոլորտներում Կառուցվածքային փոփոխություններն առնչվում են նաև տնտեսվարող սուբյեկտների վերահսկողությանը։ Մասնավորապես, խստացվել են պահանջները շինարարական և հանքարդյունաբերական ոլորտներում գործող կազմակերպությունների նկատմամբ։ Սահմանվել են փոշու արտանետումների նվազեցմանն ուղղված պարտադիր կանոններ, որոնց չկատարման դեպքում կիրառվելու են պատասխանատվության հստակ իրավական մեխանիզմներ։
«Իրականացվող բարեփոխումների նպատակն է ապահովել ավելի մաքուր օդ, առողջ շրջակա միջավայր և կյանքի որակի բարձրացում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար»,- նշել է շրջակա միջավայրի նախարարը։

