ABNews

Հովհաննես Այվազովսկու «Իններորդ ալիք» կտավն իր պատմության մեջ առաջին անգամ կվերականգնվի

Լուրեր | 2026/05/26 16:17

Հովհաննես Այվազովսկու «Իններորդ ալիք» կտավն իր պատմության մեջ առաջին անգամ կվերականգնվի

Հովհաննես Այվազովսկու հռչակավոր «Իններորդ ալիք» կտավն առաջին անգամ կուղարկվի համալիր գիտական վերականգնման։ Այս մասին հայտնել է Ռուսական թանգարանի մամուլի ծառայությունը։ Այս առիթով մայիսի 26-ին թանգարանի Բենուայի մասնաշենքում տեղի է ունենում վերականգնողական խորհրդի նիստը։

Մինչ այժմ կտավի նկատմամբ իրականացվել են միայն տեղային կոնսերվացման աշխատանքներ՝ ներկաշերտի ամրացում, թեթև երանգավորում և կանխարգելիչ միջոցառումներ։ Սակայն մասնագետների բազմամյա դիտարկումները ցույց են տվել, որ հիմնաներկի և ներկաշերտի վիճակն աստիճանաբար վատթարանում է. ընդլայնվում են ճաքերի գոտիները, ի հայտ են գալիս նոր կոտրվածքներ ու գեղանկարի տեղային շերտազատումներ։

Բաց վերականգնում և ցուցահանդեսի նախապատրաստում Գլուխգործոցի ամբողջական վերականգնման որոշումն ընդունվել է Այվազովսկու մեծածավալ ցուցահանդեսին ընդառաջ, որը կբացվի 2026 թվականի հոկտեմբերին։

Կտավը Միխայլովյան պալատի №14 Ակադեմիական սրահից արդեն տեղափոխվել է Բենուայի մասնաշենքի Բաց վերականգնման սրահ: Սա հնարավորություն կտա թանգարանի այցելուներին անձամբ հետևել մասնագետների աշխատանքի ընթացքին։

Վերականգնողների առջև դրված են հետևյալ հիմնական խնդիրները.

  • Ամրացնել ներկաշերտն ու կտավի ամբողջ մակերեսով հիմնաներկը,

  • Վերացնել շերտազատված օջախները,

  • Մշակել ժամանակի ընթացքում անհամասեռ դարձած և բծերով պատված լաքապատ շերտը:

Աշխատանքների ավարտից հետո կտավը կցուցադրվի հեղինակի նախնական մտահղացմանը առավելագույնս մոտ գունային երանգավորմամբ:

Պատմական շրջանակի վերականգնումը 1850 թվականին ստեղծված կտավը Ռուսական թանգարանի հավաքածուին է հանձնվել 1897 թվականին՝ իր պատմական ոսկեզօծ շրջանակի հետ միասին։ Շրջանակի գիտական վերականգնումն իրականացվելու է կտավի աշխատանքներին զուգահեռ։

Թանգարանի փոխանցմամբ՝ արդեն իսկ վերականգնվել է փորագրության ավելի քան 100 կորսված հատված: Բոլոր տարրերը, պահպանված օրինակների հիման վրա, նորից տաշվում են լորենու փայտից, պատվում ավանդական հիմնաներկով և հետագայում կպատվեն թերթավոր ոսկով։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը