Գործող կարգավորումների համաձայն՝ 2026 թվականի հուլիսի 1-ից ԵԱՏՄ թվով 24 տեխնիկական կանոնակարգերից 8-ի մասով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանին մի շարք արտադրատեսակների ներմուծման համար պարտադիր է համապատասխանության գնահատման փաստաթղթի առկայությունը։ Այդ մասին տեղեկացնում են էկոնոմիկայի նախարարությունից։
Պահանջը վերաբերում է հետևյալ արտադրատեսակներին․
օծանելիքակոսմետիկական արտադրանք,
վառելիքի առանձին տեսակներ,
որոշակի ճանապարհաշինական արտադրանք,
հյութամթերք,
հատուկ նշանակության սննդամթերք,
ծխախոտային արտադրանք,
հեղուկացված ածխաջրածնային գազեր,
փաթեթավորված խմելու ջուր։
Կարևոր է իմանալ. սերտիֆիկացման արժեքը հաշվարկվում է ոչ թե յուրաքանչյուր առանձին ապրանքի միավորի, այլ ամբողջ խմբաքանակի համար։ Ընդ որում, մեկ սերտիֆիկատում կարող են ներառվել մի քանի արտադրատեսակներ, եթե դրանք համապատասխանում են սահմանված խմբավորման պայմաններին։
Սերտիֆիկացման վճարի չափը կախված է արտադրանքի տեսակից, խմբաքանակի առանձնահատկություններից և անհրաժեշտ փորձարկումների ծավալից։
Համապատասխանության գնահատումն իրականացվում է հավատարմագրված փորձարկման լաբորատորիաների և սերտիֆիկացման մարմինների կողմից։
Փորձարկման լաբորատորիաների ցանկը՝
https://armnab.am/eaeu/laboratories
Սերտիֆիկացման մարմինների ցանկը՝
https://armnab.am/eaeu/certification-bodies
Մանրամասն տեղեկատվության համար՝ 011 59 71 68։
«Խնդրում ենք ներմուծում իրականացնելիս նախապես հաշվի առնել նշված պահանջները՝ մաքսային ձևակերպումների ընթացքում հնարավոր խնդիրներից և ուշացումներից խուսափելու համար»,- նշվում է հաղորդագրությունում։


