Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը փետրվարի 17-ին ընդունել է ՀՀ-ում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային։ Այս մասին հայտնում են ԱՍՀ նախարարությունից։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են սոցիալական պաշտպանության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Դիտարկվել են աշխատանքի և զբաղվածության, ինչպես նաև սոցիալական աջակցության ոլորտներում համագործակցության հնարավորությունները։
Նախարար Թորոսյանը բարձր է գնահատել Հայաստանի և Բրազիլիայի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները՝ ընդգծելով ոլորտային համագործակցության ընդլայնման և զարգացման առկա ներուժը։
Նա ներկայացրել է ԱՍՀ նախարարության կողմից իրականացվող հիմնական բարեփոխումները և ծրագրերը։ Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել անապահովության գնահատման նոր համակարգի ներդրմանը, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանն ուղղված քաղաքականությանը, ինչպես նաև կանանց տնտեսական հզորացման նախաձեռնություններին։
Դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգան ներկայացրել է Բրազիլիայում իրականացվող ծրագրերը քննարկված ուղղություններով և պատրաստակամություն հայտնել աջակցել փորձի փոխանակման և ծրագրերի տեղայնացման գործընթացներին՝ ըստ անհրաժեշտության։

