ABNews

Ինչու Սթիվ Վոզնյակը հիմնադրեց Apple-ը․ «Փող աշխատելը» հիմնական պատճառը չէր

Լուրեր | 2026/05/27 17:32

Ինչու Սթիվ Վոզնյակը հիմնադրեց Apple-ը․ «Փող աշխատելը» հիմնական պատճառը չէր

1976 թվականին Սթիվ Վոզնյակը Սթիվ Ջոբսի և Ռոնալդ Ուեյնի հետ միասին հիմնադրեց Apple-ը՝ սկիզբ դնելով մի տեխնոլոգիական հսկայի, որը հետագայում պիտի վերաձևավորեր ժամանակակից աշխարհը։

Enterpreneur-ը գրում է, որ չնայած Apple-ն այսօր դարձել է $4.5 տրիլիոնանոց գերհզոր կայսրություն, որը կանգնած է iPhone-ի և iPad-ի նման հանրահայտ արտադրանքների հետևում, Վոզնյակն ասում է, որ համաշխարհային տեխնոլոգիական հսկա ստեղծելու գաղափարը երբեք էլ չի եղել իրենց սկզբնական պլաններում։

«Երբ դուք ինչ-որ բան եք փորձում անել, պարտադիր չէ, որ դա լինի ակնհայտ գումար աշխատելու համար», — ասել է Վոզնյակը Գրանդ Վելլիի պետական համալսարանի (Grand Valley State University) ավարտական երեկոյի իր ելույթում: «Արդյո՞ք ես ուզում էի փող աշխատել, երբ հիմնադրում էինք Apple-ը: Ընկերությո՞ւն ստեղծել: Թե՞ մի ամբողջ արդյունաբերության հիմք դնել: Ո՛չ»:

Վոզնյակը նշել է, որ իր շարժառիթը շատ ավելի պարզ էր. նա ընդամենը ցանկանում էր նախագծել և հավաքել իր սեփական անհատական համակարգիչը, ինչպես նաև տպավորություն թողնել ոլորտի մյուս ինժեներների վրա։ Փողից առավել նա ճանաչման կարիք ուներ։

«Ես ուզում էի, որ մյուս ինժեներներն ու համակարգիչներից հասկացող մարդիկ նայեին իմ նախագծերին, ապշեին ու գնահատեին իմ տաղանդն ու հանճարը», — անկեղծացել է Վոզնյակը: — «Ուզում էի, որ մտածեին՝ «Ախր ինչպե՞ս է նրա մտքով անցել նման բան ստեղծել»»։

Ճանապարհը դեպի Apple

1970-ականներին Վոզնյակն աշխատանքի անցավ Hewlett-Packard (HP) ընկերությունում. նա կարծում էր, որ հենց այս ընկերությունն է կերտելու իր կարիերան։ HP-ում նա գտավ կայունություն և ինժեներների մի հրաշալի համայնք, որոնք կիսում էին իր կրքերը։ Սակայն սրան զուգահեռ՝ նա կուլիսներում աշխատում էր մի համարձակ գաղափարի վրա. ստեղծել անհատական համակարգիչ, որը սովորական մարդիկ կկարողանային ունենալ և անձամբ օգտագործել։

Վոզնյակն այս գաղափարը ներկայացրեց իր ղեկավարներին ոչ թե մեկ, այլ հինգ տարբեր առիթներով՝ հուսալով, որ ընկերությունը կտեսնի դրա պոտենցիալը։ Ամեն անգամ HP-ն մերժեց նրան։ Այս շարունակական մերժումները ստիպեցին նրան վերանայել իր ապագան, և ի վերջո նա որոշեց դիմել մի քայլի, որին սկզբում դիմադրում էր. նա համաձայնեց Ջոբսի պլանին՝ գաղափարը դուրս բերել ընկերության պատերից և հիմնել սեփական գործը։

Հետադարձ հայացք գցելով՝ Վոզնյակն այդ դրվագը համարում է կարևոր դաս՝ անորոշության փոխարեն հնարավորությունն ընտրելու հարցում։ Նա նույն ուղերձը հղեց նաև շրջանավարտներին՝ կոչ անելով ընտրել իմաստալից հնարավորություններ, նույնիսկ եթե դրանք շեղում են ակնկալվող կամ ավանդական ուղուց։ Ըստ Վոզնյակի՝ կարծրատիպերից ու ընդունված կանոններից հեռանալը կարող է լինել առաջին քայլը դեպի արտասովոր արդյունքներ:

«Մի՛ հետևեք այն նույն արահետին, որով միլիոնավոր այլ մարդիկ են գնում», — հավելել է նա: — «Մտածե՛ք. կա՞ արդյոք ինչ-որ բան, որ ես կարող եմ մի փոքր այլ կերպ անել»:

Վոզնյակին երբեք չի կուրացրել փողը

Վոզնյակը վաղուց ի վեր հայտնի է հարստության հետևից չվազելու իր մոտեցմամբ։ Նույնիսկ երիտասարդ տարիներին նյութականը երբեք նրա գլխավոր շարժիչ ուժը չի եղել։

Իր ելույթում նա հիշեց, թե ինչպես էր ուսանողական տարիներին ուշ գիշերով անծանոթ մարդկանց համար կուրսային աշխատանքներ տպագրում ընդամենը մի քանի ցենտով, կամ օգնում համակուրսեցիներին դասերի հարցում։ Նա դա անում էր ոչ թե լավ վարձատրվելու համար, այլ որովհետև անկեղծորեն սիրում էր այդ գործն ու մարդկանց օգնելու հնարավորությունը։

«Երբ ստիպված ես լինում կեսգիշերից մինչև առավոտյան ժամը 6-ը իրական գրամեքենայով տեքստեր տպել մի անծանոթի համար, ում գուցե կյանքում էլ չտեսնես, ես ընդամենը 5 ցենտ էի վերցնում», — պատմել է նա: — «Եթե անում ես մի բան, որն իսկապես սիրում ես (իսկ ես տպելու գործի սիրահար էի), կարիք չկա դա ապացուցելու համար աստղաբաշխական գումարներ պահանջել»։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը