ՀԷՑ-ի պարզաբանումը՝ առաջին նախագահի առանձնատան հոսանքազրկման առնչությամբ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության պարզաբանում է տարածել` ի պատասխան ՀՀ առաջին նախագահի գրասենյակի կողմից տարածված հայտարարության։

Պարզաբանման մեջ ասվում է. «ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առանձնատան և գրասենյակի հոսանքազրկման առնչությամբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հայտնում է, որ սույն թվականի մարտի 15-ին, ժամը 13։05-ին Երևանի հիդրոէլեկտրակայանի 6կՎ փակ բաշխիչ սարքավորումների թիվ 8 բջիջը անջատվել է, որով պայմանավորված՝ կատարվել են էլեկտրամատակարարման սխեմայի փոխակերպումներ։

Անջատման պատճառ է հանդիսացել այն, որ «Յուվենթուս» ֆուտբոլի ակադեմիայի մասնաշենքի կառուցապատող կազմակերպությունը, առանց «ՀԷՑ» ՓԲԸ-ի համապատասխան ստորաբաժանումների հետ համաձայնեցման, ապամոնտաժել և քանդել է տրանսֆորմատորային ենթակայանին կից ակադեմիային պատկանող շինությունը՝ վնասելով ՀԷՑ-ի սեփականություն հանդիսացող տրանսֆորմատորային ենթակայանի պատերը և տանիքը:

Արդյունքում հորդառատ անձրևաջրերի ներթափանցման հետևանքով շարքից դուրս են եկել տրանսֆորմատորային ենթակայանի էլեկտրական սարքավորումներն ու սնող մալուխագիծը, ինչպես նաև էլեկտրամատակարարման շղթայում գտնվող շրջանակաձև սխեմայի 4 ենթակայաններ՝ իրենց ցածր լարման էլեկտրասարքավորումներով և մալուխագծերով, ինչը վերջնարդյունքում հանգեցրել է տեղային խոշորամասշտաբ խափանման:

Այդ պահից հոսանքազրկվել է տվյալ ենթակայանից սնուցվող 6 հասցե (բաժանորդ), այդ թվում՝ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի առանձնատունն ու գրասենյակը:

Երեկ՝ սկսած 14:10-ից տեղորոշվել են ՏԵ-1112-ից սնող մալուխագծի և 400 կՎԱ տրանսֆորմատորի վնասվածքները, ինչպես նաև 0.4 կՎ կողմում տեղի է ունեցել կարճ միացում, որի հետևանքով վնասվել է ՏԵ-1754-ում սեկցիոն բաժանիչը, իսկ ՏԵ-1753-ում՝ մուտքային բեռի անջատիչը:

Նոր ի հայտ եկած հանգամանքներով պայմանավորված՝ 15:40-ից լաբորատորիան սկսել է վթարված մալուխագծերի տեղորոշման աշխատանքները, ինչն ավարտել է 20:10-ին:

Ընկերության մալուխներ և սարքավորումներ վերանորոգող բրիգադներն անմիջապես անցել են վերանորոգման աշխատանքների, ավարտելով աշխատանքներն այսօր՝ վաղ առավոտյան 07:20-ին:

07:20-ից ՏԵ-1112-ը դրվել է լարման տակ, սակայն խափանված մեկուսացման դիմադրության հետևանքով շարքից դուրս են եկել ենթակայանի այլ սարքավորումներ:

Ներկա պահի դրությամբ սարքավորումների և նյութերի մեկուսացման դիմադրության բարձրացման և չորացման աշխատանքներն ինտենսիվորեն շարունակվում են:

Ժամեր անց բոլոր նշված 6 ուղղությունների էլեկտրամատակարարումը կվերականգնվի:

Հայցում ենք մեր բաժանորդների ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար»։

Ավելի վաղ Լևոն Տեր–Պետրոսյանի գրասենյակը հայտարարություն էր տարածել, որտեղ նշվում է, որ մՄարտի 15-ի ժամը 13։00-ից հոսանքազերծվել է Լեւոն Տեր-Պետրոսյանի առանձնատունը և գրասենյակը։ «Առանձնատան շրջակայքի գրեթե բոլոր տներն ու շինությունները ողողված են լույսով։ Ի՞նչ է նշանակում Նախագահի նկատմամբ կիրառված եւ շարունակվող այս տմարդի դրսեւորումը։ Միայն մեկ բան. հոսանքազրկումը, հաստատաբար, տեղի է ունեցել իշխանության վերին օղակներից մեկի հրահանգով։

ՀԷՑ-ը չէր համարձակվի դիմել այդպիսի ստորության, առանց հրահանգի։ Ավելացնենք, որ մինչ այս պահը Նախագահի առանձնատան եւ գրասենյակի հոսանքի ու ջրի մատակարարումը վերականգնված չէ։

Սա ոչ թե սովորական վթար է, այլ Առաջին նախագահի եւ նրա ընտանիքի հանդեպ կիրառված եւ չդադարող սադիզմի դրսեւորում»,– մասնավորապես, ասված է հայտարարությունում։