ABNews

ՀԾԿՀ-ն ազատականացնում է 6(10) կՎ լարմամբ սպառման համակարգերի և բազմաբնակարան շենքերի բաշխման ցանցին միացման գործընթացը

Լուրեր | 2026/06/17 18:06

ՀԾԿՀ-ն ազատականացնում է 6(10) կՎ լարմամբ սպառման համակարգերի և բազմաբնակարան շենքերի բաշխման ցանցին միացման գործընթացը

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը՝ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի գլխավորությամբ 2026 թվականի հունիսի 17-ի նիստում ընդունել է որոշում, որն ուղղված է 6(10) կՎ լարմամբ սպառման համակարգերի և բազմաբնակարան շենքերի բաշխման ցանցին միացման գործընթացի ազատականացմանը։

Գործող կարգավորման համաձայն՝ վերը նշված  բաշխման ցանցին միացումն իրականացվում էր «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից՝  համապատասխան պայմանագրերի կնքման միջոցով։

Նոր կարգավորման համաձայն՝  բաշխման ցանցին միացումը կիրականացվի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից տրամադրվող տեխնիկական պայմանների հիման վրա՝ դիմող անձի (Սպառող, որը դիմում է միացման համար, նոր կառուցվող բազմաբնակարան շենքի կամ կառուցապատվող թաղամասի միացման դեպքում դիմող անձ է հանդիսանում կառուցապատողը) սեփական միջոցներով։ Արդյունքում, միացման գործընթացը կդառնա ավելի պարզ և ճկուն։

Գործնականում 6(10) կՎ լարմամբ սպառողների և բազմաբնակարան շենքերի համար կառուցվող էլեկտրական ենթակառուցվածքները հիմնականում նախատեսված են միայն տվյալ սպառողներին սպասարկելու համար և, որպես կանոն, հետագայում չեն օգտագործվում այլ նոր բաժանորդների միացման նպատակով։

Փոփոխություններով նաև հստակեցվել են տեխնիկական պայմանների տրամադրման պայմանները, ինչպես նաև այն դեպքերը, երբ կառուցված բաշխման ցանցը ենթակա է հանձնման «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին։

Նոր կարգավորումներից բխող համապատասխան փոփոխություններ են կատարվել նաև Հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №519-Ն որոշման մեջ, որով սահմանվում են բաշխողի հետ կնքվող պայմանագրերի օրինակելի ձևերը։

Ընդհանուր առմամբ, փոփոխությունները միտված են միացման գործընթացի ազատականացմանը, վարչական ընթացակարգերի կրճատմանը և ոլորտում առավել արդյունավետ ու կանխատեսելի կարգավորումների ապահովմանը՝ պահպանելով սպառողների և բաշխողի իրավունքների ու պարտականությունների հավասարակշռությունը։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը