Ռոսսելխոզնադզորի ղեկավար Սերգեյ Դանկվերտը հայտարարել է, որ դեպի Ռուսաստան հայկական արտադրանքի մատակարարումների լայնածավալ սահմանափակումները կապված են ոչ թե քաղաքական պատճառների, այլ Հայաստանում որակի ներքին վերահսկողության համակարգի թերությունների հետ։ «Ռոսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում նա այսպես է մեկնաբանել Երևանից հնչող հայտարարություններն այն մասին, թե ռուսական կարգավորողի որոշումները քաղաքականացված են։
Դանկվերտի խոսքով՝ հիմնական խնդիրը մնում է Հայաստանի գյուղատնտեսության մեջ համագործակցության և արտադրական վերահսկողության արդյունավետ համակարգի բացակայությունը։
«Այնտեղ մեծ թվով մանր ֆերմերներ կան, որոնք արտադրանք են աճեցնում և այն արտահանում։ Սակայն արտադրության և բեռնման միջև փաստացի բացակայում է ներքին վերահսկողության և համագործակցության համակարգը։ Հազարավոր կապ կանաչեղեն հավաքվում է մեկ մեքենայի մեջ, որից հետո վերահսկող մարմինները պետք է ստուգեն արտադրանքի հսկայական ծավալներ։ Ֆիզիկապես դա անհնար է», - պարզաբանել է նա։
Վերահսկողությունը սահմանին ոչինչ չի փոխում
Ռոսսելխոզնադզորի ղեկավարը շեշտել է, որ որակի ստուգումը պետք է սկսվի ոչ թե սահմանին, այլ անմիջապես արտադրության փուլում։ Նրա ձևակերպմամբ՝ համակարգն արդյունավետ է աշխատում միայն այն ժամանակ, երբ կա արտադրողների միավորումների պատասխանատվություն, ինչը Հայաստանում այսօր պակասում է։
Միևնույն ժամանակ, Դանկվերտը նշել է, որ իրենց գերատեսչությունը պահպանում է աշխատանքային շփումները Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) հետ և նրան չի համարում առաջացած խնդիրների պատառ: Ըստ նրա՝ սահմանափակումները հիմնված են ձեռնարկությունների բազմամյա աշխատանքի պատմության և լաբորատոր տվյալների վրա:
Տոտալ էմբարգո հունիսի 12-ից
Հիշեցնենք, որ Ռուսաստանը 2026 թվականի հունիսի 12-ից ամբողջությամբ սահմանափակել է Հայաստանից ծագող և առաքվող ողջ կարանտինային ենթակա արտադրանքի ներմուծումը, ինչպես նաև դրա տարանցումը ՌԴ տարածքով դեպի ԵԱՏՄ այլ պետություններ։ Արգելքի տակ են հայտնվել թարմ բանջարեղենը, միրգը, կանաչեղենը և ծաղկային արտադրանքը։ Ավելի վաղ սահմանափակվել էր նաև «Ջերմուկ» հանքային ջրի և հայկական ալկոհոլի որոշ տեսակների մուտքը։
Ռոսսելխոզնադզորը նշում է, որ արգելքը գործելու է այնքան ժամանակ, մինչև Երևանը չմշակի ապրանքների անվտանգության և հետագծելիության (traceability) ապահովման կոնկրետ, վստահելի ալգորիթմ:

