Հայաստանում առաջիկա օրերին կմեկնարկի ատոմակայանի շահագործման ժամկետի երկարացման երկրորդ ծրագիրը։ Այս մասին ԱԺ-ում հայտնել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
Նրա խոսքով՝ գործող ծրագիրը նախատեսում է ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացում ևս 10 տարով։ Մինչ այդ իրականացվում է առաջին ծրագիրը, որով կայանի շահագործումը երկարացվել էր մինչև 2026 թվականը։
Ծրագրի շրջանակում պետական բյուջեից Հայկական ատոմային էներգակայանին տրամադրվել է 63.2 մլրդ դրամ բյուջետային վարկ։
Զուգահեռաբար կառավարությունը շարունակում է քննարկումները նոր ատոմային բլոկի կառուցման շուրջ։ Ըստ նախարարի՝ արդեն ընտրվել է ատոմակայանի տեսակը՝ մոդուլային տարբերակ։
Նախատեսվում է, որ ատոմակայանի կոնկրետ մոդելի ընտրությունը կկատարվի ընթացիկ տարում կամ 2027 թվականի սկզբին, որից հետո կսկսվի ծրագրի հաջորդ փուլը։
Նոր բլոկի կառուցման հարցով Հայաստանը բանակցություններ է վարում մի շարք երկրների հետ, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Չինաստանի, Ֆրանսիայի, Ռուսաստանի և Հարավային Կորեայի։
Ծրագրերը ուղղված են էներգետիկ համակարգի շարունակականության ապահովմանը և միջնաժամկետ հատվածում արտադրական հզորությունների պահպանմանը։

