Հայաստանը ներառվել է բրիտանական հեղինակավոր Wanderlust պարբերականի 2026 թվականի Good to Go ցանկում՝ որպես հետաքրքրասեր և պատասխանատու ճանապարհորդների համար առաջարկվող ուղղություններից մեկը։ Այս մասին հայտնում են ՀՀ զբոսաշրջության կոմիտեից։
Good to Go ցանկը ներկայացնում է այն երկրներն ու ուղղությունները, որոնք առանձնանում են մշակութային ժառանգության, բնության, ինչպես նաև կայուն զբոսաշրջության սկզբունքների համադրմամբ։ Ցանկում ընդգրկված ուղղությունները դիտարկվում են որպես այնպիսի վայրեր, որտեղ զբոսաշրջությունը զարգանում է տեղական համայնքների, շրջակա միջավայրի և մշակութային ինքնության պահպանման հաշվառմամբ։
Հայաստանի ընդգրկումը ցանկում պայմանավորված է երկրի պատմամշակութային բազմազանությամբ, բնական լանդշաֆտներով և զբոսաշրջային փորձառությունների զարգացման ուղղությամբ իրականացվող քայլերով։
Wanderlust-ի Good to Go ցանկը հրապարակվում է ամեն տարի և ուղղված է այն ճանապարհորդներին, ովքեր նախընտրում են գիտակցված և պատասխանատու զբոսաշրջային ընտրություններ։

