ABNews

Հայաստանում օտարերկրացիները ձերբակալվել են հերոին իրացնելու պահին

Լուրեր | 2026/09/04 14:49

Հայաստանում օտարերկրացիները ձերբակալվել են հերոին իրացնելու պահին

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները հերթական օպերատիվ տեղեկությունն իրացրին օգոստոսի 20-ին։

Ժամը 20․40-ին Արարատի մարզի Այնթապ գյուղում թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և իրացնելու կասկածանքով քրեական ոստիկանները ձերբակալեցին Երևանի բնակիչ 50-ամյա տղամարդու։ Իր վարած «Մերսեդեսով» հանդերձ նա տեղափոխվեց Համայնքային ոստիկանության Մասիսի բաժին։

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց ընդհանուր 6,29 գրամ հերոինով լցված չորս փաթեթ։

Սա օպերատիվ տեղեկության իրացման միայն առաջին փուլն էր։ Տեղեկություն կար նաև, որ երևանցուն թմրամիջոցները պարբերաբար իրացրել են Նոր Խարբերդում բնակվող երկու օտարերկրացի տղամարդ։ Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ։

Հանցագործության ամբողջ շղթայի բացահայտմանն ուղղված հետագա աշխատանքն իրականացվեց իրավապահների ակտիվ համագործակցությամբ։ Լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողություններն արդյունք տվեցին օգոստոսի 31-ին։

Հատուկ միջոցառման արդյունքում՝ 20 գրամ հերոինը 300 հազար դրամով իրացնելու պահին, 62-ամյա և 46-ամյա օտարերկրացիները ձերբակալվեցին։

Դատարանի որոշմամբ խուզարկություն կատարվեց 46-ամյա օտարերկրացու բնակության վայրում։ Հայտնաբերվեցին 132 գրամ հերոին, կես գրամ ափիոն, 6,5 հաբ մեթադոն և հոգեմետ 20 դեղահաբ։

Օտարերկրացիները կալանավորվել են։ Նախաքննությունը շարունակվում է։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը