Ադրբեջանն ու Հայաստանը պայմանավորվել են պետական սահմանի սահմանազատման գործընթացն իրականացնել հյուսիսից հարավ՝ սկսելով Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների հատման կետից։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Բայրամովի խոսքով՝ երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների կազմերը չեն փոխվել։ Ադրբեջանի հանձնաժողովը շարունակում է գլխավորել փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը, իսկ հայկական կողմի հանձնաժողովը՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Նախարարը նշել է, որ երկու երկրների հանձնաժողովների միջև արդեն բազմաթիվ հանդիպումներ են անցկացվել, ինչպես նաև ընդունվել են հանձնաժողովների աշխատանքը կարգավորող մի շարք փաստաթղթեր։
Բայրամովի խոսքով՝ ձեռք է բերվել ընդհանուր ըմբռնում, որ սահմանազատման աշխատանքները պետք է սկսվեն հյուսիսային՝ առավել բարդ հատվածից և շարունակվեն դեպի հարավ։
Նա հավելել է, որ սահմանազատման ավելի կոնկրետ հարցերը քննարկվելու և լուծվելու են երկու երկրների համապատասխան հանձնաժողովների աշխատանքների շրջանակում։


