Եվրասիական վարկանիշային գործակալությունն իր նոր զեկույցում ընդգծում է, որ Հայաստանից դեպի Եվրոպական Միություն արտահանման աճի միտումներն անկայուն բնույթ են կրում, ուստի դրանց վրա հիմնված երկարաժամկետ կանխատեսումներն անհիմն են։ Զեկույցում նշվում է․ «Եթե 2024-ի համեմատ 2025-ին ԵՄ արտահանումն աճել է, ապա երկու տարվա կտրվածքով այն, ընդհակառակը, նվազում է։ Հետևաբար՝ նման աճի վրա հույս դնելն ու երկարաժամկետ եզրակացություններն առնվազն սպեկուլյատիվ են»։
Ինչու է դա կարևոր. Վերլուծաբանները միաժամանակ արձանագրում են Հայաստանի արտաքին առևտրի աշխարհագրության լուրջ վերադասավորումներ. քաղաքական լարվածության հետևանքով դեպի Ռուսաստան ուղղակի արտահանումը կրճատվել է, սակայն զգալիորեն ավելացել են մատակարարումները դեպի Բելառուս։ Ըստ հետազոտողների՝ հայ արտադրողների մի մասն ստիպված է Բելառուսն օգտագործել որպես տարանցիկ օղակ, ինչը բարձրացնում է ապրանքների ինքնարժեքը և նվազեցնում դրանց մրցունակությունը։
Զեկույցի առանցքային եզրահանգումները.
ԵՄ արտահանման տատանումները. 2024-2025թթ. կարճաժամկետ աճի ֆոնին երկամյա կտրվածքով արձանագրվում է անկում, ինչը վկայում է դեպի Եվրոպա մատակարարումների անկայունության մասին:
Ռուսաստանի ուղղության կրճատում. Քաղաքական լարվածությամբ պայմանավորված՝ դեպի ՌԴ արտահանման ծավալները նվազել են:
Բելառուսը՝ որպես տարանցիկ օղակ. Դեպի Բելառուս արտահանման աճը պայմանավորված է ռուսական շուկա շրջանցիկ ուղիներով դուրս գալու անհրաժեշտությամբ, ինչը հանգեցնում է լոգիստիկ ծախսերի ավելացմանն ու ապրանքների թանկացմանը:


