ABNews

Հայաստանի 120 միլիոն դոլարի ներդրումը՝ տարածաշրջանային արհեստական ​​բանականության հզոր կենտրոն դառնալու գործում․ Forbes-ի հոդվածը

Լուրեր | 2026/06/24 14:54

 Հայաստանի 120 միլիոն դոլարի ներդրումը՝ տարածաշրջանային արհեստական ​​բանականության հզոր կենտրոն դառնալու գործում․ Forbes-ի հոդվածը

Հեղինակավոր Forbes պարբերականն իր ծավալուն հոդվածում անդրադարձել է հունիսի սկզբին Հայաստանի Գագարին ավանում բացված նոր արհեստական բանականության (ԱԲ) տվյալային կենտրոնին։ Ինչպես հայտնում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում հայտնված այս նախագիծը վկայում է տեխնոլոգիական ոլորտում Հայաստանի նոր ռազմավարության մասին։

Պարբերականի բնորոշմամբ՝ Հայաստանը փորձում է իր էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները սիներգացնել և վերածել արտահանման նոր, բարձրարժեք արտադրանքի։

Աշխարհի ամենահզոր սարքավորումները՝ Գագարինում «Eleveight AI» ընկերության կողմից հիմնադրված այս «ԱԲ գործարանում» տեղադրված են 512 միավոր NVIDIA Blackwell B300 պրոցեսորներ։ Ներկա պահին սրանք համաշխարհային շուկայում հասանելի արհեստական բանականության ամենահզոր և առաջատար գրաֆիկական պրոցեսորներն (GPU) են, որոնք ապահովում են աննախադեպ հաշվողական արագություն բարդ մոդելների վերապատրաստման համար։

«Մենք այս կետին հասել ենք քայլ առ քայլ՝ սխալների և շարունակական ջանքերի միջոցով. այս նախագիծը հանկարծակի բեկում չէ, այլ երկար տարիների հետևողական աշխատանքի արդյունք, իսկ այն փաստը, որ մենք չվախեցանք ձախողվելուց, այսօրվա հաջողության նախադրյալներից մեկն էր»,- նշել է նախարար Մխիթար Հայրապետյանը։

2019-ից մեկնարկած ռազմավարական երկխոսություն ԲՏԱ նախարարն առանձնահատուկ ընդգծել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «NVIDIA» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգի միջև ձևավորված երկարամյա փոխգործակցությունը։ Այն սկիզբ է առել դեռևս 2019 թվականին Սիլիկոնյան հովտում կայացած հանդիպմամբ և ամրապնդվել 2023 թվականին Ջենսեն Հուանգի՝ Երևան կատարած պաշտոնական այցով։

Այդ բանակցությունները, ըստ նախարարի, կենտրոնացած են եղել ոչ միայն սոսկ ԱԲ տեխնոլոգիաների ներդրման, այլև Հայաստանում դրանց գործարկման համար անհրաժեշտ հիմնարար ենթակառուցվածքների, տվյալային կենտրոնների և տեղական տաղանդի զարգացման վրա։ Գագարինի կենտրոնի գործարկումը հենց այդ պետական հեռանկարային քաղաքականության գործնական արդյունքն է։

Հոդվածն ամբողջությամբ` այստեղ:

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը