Երևանում ընթացող COP17 համաժողովի շրջանակներում ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ/WFP) և «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկը կազմակերպել են բարձրաստիճան պանելային քննարկում՝ «Կրթությունը՝ որպես կենսաբազմազանության պահպանման և կայուն պարենային համակարգերի զարգացման շարժիչ ուժ» խորագրով։
Ինչու է դա կարևոր. Հայաստանի «Դպրոցական սնունդ» ազգային ծրագիրը, որն ընդգրկում է ՀՀ բոլոր մարզերի 1-4-րդ դասարանցի ավելի քան 104,000 աշակերտների, ՄԱԿ-ի ՊՀԾ-ի կողմից գնահատվել է որպես միջազգային առաջատար և վերափոխող մոդել: Այն համատեղում է առողջ սնուցումը, տեղական գյուղատնտեսության խթանումը, դպրոցամերձ ջերմատներն ու ինտենսիվ այգիները, ինչպես նաև պատասխանատու սպառողական վարքագծի ձևավորումը:
Քննարկման առանցքային թեմաներն ու զարգացման ծրագրերը.
Ծրագրի ընդլայնումը Երևանում. ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնել է, որ սեպտեմբերից մայրաքաղաք Երևանում մեկնարկել է ծրագրի փորձարկումը՝ նպատակ ունենալով այն ընդլայնել նաև Երևանի դպրոցներում և տարրականից բարձր դասարաններում։
Ինքնաբավ շղթա և գործնական կրթություն. Դպրոցներում ներդրված «Առողջ ապրելակերպ» դասընթացը, ջերմատներն ու ինտենսիվ այգիները երեխաներին հնարավորություն են տալիս սննդի արտադրությանն ու կենսաբազմազանությանն առնչվել գործնականում:
Միջազգային արձագանքը. ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալ Մեթյու Հոլինգվորթն ընդգծել է, որ Հայաստանն այս մոտեցման առաջամարտիկներից է, իսկ ծրագրի ազգայնացված հայկական մոդելը կարող է օրինակ ծառայել այլ երկրների համար:
VR տեխնոլոգիաներ COP17-ում. Համաժողովի «Հայաստան» տաղավարում հոկտեմբերի 19-30-ը գործում է «Կենսաբազմազանությունից՝ մինչև դպրոցական սեղան» 360° վիրտուալ շրջայցը՝ ներկայացնելով դպրոցական սննդի ամբողջական արժեշղթան:


