Հայաստանի տարածքում սպասվում է եղանակային պայմանների կտրուկ փոփոխություն և օդի ջերմաստիճանի զգալի անկում։ Այս մասին հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Ըստ կանխատեսումների՝ հանրապետության տարածք կներթափանցեն արկտիկական ցուրտ օդային հոսանքներ, ինչի հետևանքով օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով։
Կարճաժամկետ տաքացում և ցիկլոնի մոտեցում Մինչև ջերմաստիճանի անկումը, հանրապետությունում կպահպանվի բարձր ջերմային ֆոն։ «Այսօր ողջ օրվա ընթացքում և վաղը մինչ երեկո Հայաստանը գտնվում է հարավ-արևմտյան արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչի արդյունքում Հայաստանի ողջ տարածքում սպասվում է ջերմ և առանց տեղումների եղանակ»,- նշել է Սուրենյանը։
Սակայն մայիսի 28-ի ուշ երեկոյան ժամերից, ինչպես նաև մայիսի 29-ին և 30-ին Հայաստանը գտնվելու է Սև ծովից ներթափանցող ցիկլոնի ազդեցության գոտում։ Այդ օրերին առանձին շրջաններում սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ, որոնց կհաջորդի արկտիկական ցուրտ օդային զանգվածների մուտքը հանրապետության տարածք:

