ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 29-ի նիստում հաստատել է անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման ու մերժման նոր կարգը, հավելավճարով սեղմ ժամկետներում դրանց ստացման պայմաններն ու մասնավոր գործընկերոջ ներգրավման ընթացակարգը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, որ նոյեմբերի 1-ից անձնագրային բաժինները փակվում են, և փաստաթղթերի ստացումը փոխանցվում է մասնավոր ընկերությանը (14 մարզային գրասենյակներում և Երևանի «Երևան Մոլ» ու «Մեգամոլ» առևտրի կենտրոններում)։
Ինչու է դա կարևոր. Գործընթացն ամբողջությամբ թվայնացվում է. քաղաքացիները դիմումը ներկայացնելու են միասնական էլեկտրոնային հարթակով՝ նախքան գրասենյակ այցելելը։ Երևանում կենսաչափական տվյալներ հանձնելն ու պատրաստի փաստաթղթեր ստանալը հնարավոր կլինի նաև շաբաթ և կիրակի օրերին։ Նոր կենսաչափական նույնականացման քարտի արժեքը սահմանվել է 5 950 դրամ, իսկ անձնագրինը՝ 28 650 դրամ։
Նոր ընթացակարգի առանցքային մանրամասները.
Առցանց հայտ և ժամկետներ.
Դիմումի ներկայացում. Միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով։
Տվյալների անհամապատասխանություն. Ծանուցումից հետո 30 օրում չշտկելու դեպքում հայտը չեղարկվում է, իսկ պետական տուրքը վերադարձվում է (մերժման դեպքում տուրքը չի վերադարձվում)։
Պատրաստման ժամկետ. Կենսաչափական տվյալները հանձնելուց հետո 14-րդ աշխատանքային օրը։
Վավերականություն. Ծանուցումից հետո 12 ամսվա ընթացքում չվերցնելու դեպքում փաստաթուղթը կորցնում է վավերականությունը։
Սպասարկման առանձնահատկություններ.
Շաբաթ-կիրակի աշխատանք. Կիրակի օրերին Երևանում պարտադիր կգործի մասնավոր գործընկերոջ առնվազն մեկ սպասարկման կենտրոն։
Այցելություն տուն. Հավելավճարի դիմաց կամ հատուկ դեպքերում կենսաչափական տվյալները կարող են վերցվել անձի բնակության (գտնվելու) վայրում։
Վնասվածքի դեպքում վերատպում. Երևանում հաջորդ աշխատանքային օրը, մարզերում՝ 2-րդ աշխատանքային օրը։
Արտերկրում գտնվող քաղաքացիներ. Փաստաթղթի տրամադրման կամ մերժման մասին ծանուցումը տրվում է տվյալները հանձնելուց հետո 14-45-րդ աշխատանքային օրերում։


