ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին որոշման ընդունումը կպահանջի կոնսենսուս. «ՌԻԱ Նովոստի»-ին հայտարարել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը:
«ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը կայանալու է Մոսկվայում նոյեմբերի 11-ին, և պետությունների ղեկավարները, հավանաբար, քննարկելու են այս հարցը: Դրա վերաբերյալ որոշումը, եթե այդպիսին պահանջվի, ընդունվելու է կոնսենսուսով»,- գործակալության հետ զրույցում ասել է Վասիլևը:
Նա նաև ընդգծել է, որ ՀԱՊԿ Կանոնադրության 25-րդ հոդվածը շոշափում է Կազմակերպության բյուջեի նկատմամբ պարտքը երկու տարվա ընթացքում չմարելու դեպքում քվոտավորված պաշտոններում պետության քաղաքացիների առաջադրման իրավունքի, ինչպես նաև Կազմակերպության մարմիններում ձայնի իրավունքի կասեցման հնարավորությունը:
«Դե ֆակտո իրերի այս վիճակը գործում է արդեն ավելի քան երկու տարի, քանի որ Հայաստանը չի առաջադրում իր քաղաքացիներին Քարտուղարությունում քվոտավորված պաշտոններում, ինչպես նաև հետ է կանչել իր ներկայացուցիչներին ՀԱՊԿ Միացյալ շտաբից»,- եզրափակել է նա:
Հայաստանը սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ին 2024 թվականից: ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հունիսի 10-ին հայտարարել էր, որ Հայաստանի կողմից ՀԱՊԿ անդամավճարները չվճարելու պատճառով Կազմակերպությունը կդիտարկի կանոնադրության այն հոդվածի կիրառումը, որը կարգավորում է գործողություններն իրենց պարտավորությունները չկատարող անդամ երկրների նկատմամբ:

