Սիրիայի Հալեպ քաղաքում վերջին բախումներից հետո իրավիճակը գնահատվում է հարաբերականորեն կայուն։ Քաղաքում լարվածությունը աճել էր բնակելի թաղամասերի և տարբեր տարածքների վրա իրականացված հարձակումներից հետո, որոնք հանգեցրել էին քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի և զգալի նյութական վնասների։
Սիրիայի իշխանությունները հայտարարել են մի շարք անվտանգության և նախազգուշական միջոցառումների կիրառման մասին՝ հետագա խախտումները կանխելու նպատակով։ Տեղեկացվում է մի քանի կարևոր ճանապարհների փակման, ինչպես նաև քաղաքի տարբեր հատվածներում երթևեկության ժամանակավոր կարգավորման մասին։
Հալեպի նահանգապետարանը հայտարարել է դպրոցների, համալսարանների և պետական գրասենյակների աշխատանքի ժամանակավոր դադարեցման մասին։ Միաժամանակ Սիրիայի Քաղաքացիական ավիացիայի և օդային տրանսպորտի գլխավոր վարչությունը հայտնել է Հալեպի օդանավակայանից և դեպի այն չվերթների 24 ժամով դադարեցման մասին՝ անվտանգության նկատառումներով։
Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ քրդերի գլխավորած «Սիրիայի դեմոկրատական ուժերը» խախտել են մարտի 10-ին ձեռք բերված համաձայնությունը և շարունակել հարձակումները բանակի դիրքերի ու քաղաքացիական անձանց ուղղությամբ։ Նախարարության տվյալներով՝ սիրիական բանակը պատասխան գործողություններ է իրականացրել՝ թիրախավորելով արկերի և անօդաչու թռչող սարքերի արձակման վայրերը, ինչպես նաև ոչնչացրել է զինամթերքի պահեստ։
Իր հերթին «Սիրիայի դեմոկրատական ուժերը» հերքել են իրավիճակի սրման համար պատասխանատվությունը՝ հայտարարելով, որ քաղաքացիական զոհերը առաջացել են կառավարամետ ուժերի հրետանային և հրթիռային գործողությունների հետևանքով։
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի խոսնակը հայտնել է, որ կազմակերպությունը ստացել է անվտանգության իրավիճակի վատթարացման և քաղաքական բանակցությունների խափանման վերաբերյալ հաղորդագրություններ։ ՄԱԿ-ը վերահաստատել է երկխոսության շարունակման կարևորությունը՝ հետագա բռնության կանխման նպատակով։

