ՀՀ սահմաններին պահպանվել է հարաբերական կայուն իրավիճակ՝ պայմանավորված Վաշինգտոնում կնքված փաստաթղթով։ Այս մասին հայտարարել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Նրա խոսքով՝ 2025 թվականի ընթացքում սահմանային հատվածներում մարտական պայմաններում զոհեր և վիրավորներ չեն արձանագրվել։
Նախարարը նշել է, որ նույն տարում հաստատվել է բանակի կերպափոխման հայեցակարգից բխող գործողությունների ծրագիրը։
Այդ շրջանակում իրականացվել են մի շարք բարեփոխումներ՝ ներառյալ զինծառայողների ատեստավորման գործընթացը, պատրաստության նոր ծրագրերի ներդրումը և զինված ուժերի կառուցվածքային փոփոխությունները։
Ատեստավորման արդյունքում ծառայությունը շարունակել է 6270 զինծառայող, իսկ ընդհանուր դիմողների շուրջ 73%-ը հաջողությամբ անցել է գործընթացը։
Բացի այդ, «Պաշտպան Հայրենյաց» ծրագրի շրջանակում պայմանագրային ծառայության է անցել 1770 զինծառայող։
Նշվում է, որ այս քայլերը միտված են զինված ուժերի արդյունավետության և պատրաստվածության բարձրացմանը։

