Երեխաներին առցանց հարթակներից պաշտպանելու նպատակով Մեծ Բրիտանիայի իշխանությունները քննարկում են անչափահասների համար սոցիալական ցանցերի արգելքի հնարավորությունը՝ հետևելով Ավստրալիայի օրինակին, որը վերջերս նման քայլ է իրականացրել։
Բրիտանական կառավարության հայտարարության համաձայն՝ քննարկվող տարբերակների թվում են նաև դպրոցներում բջջային հեռախոսների օգտագործման համար ավելի խիստ ուղեցույցների սահմանումը։ Իշխանությունները մտահոգված են սմարթֆոնների և սոցիալական մեդիայի հնարավոր բացասական ազդեցությամբ երեխաների հոգեբանական, սոցիալական և կրթական զարգացման վրա։
Գիտության, նորարարության և տեխնոլոգիաների նախարար Լիզ Քենդալը նշել է, որ գործող օրենսդրությունը երբեք չի դիտարկվել որպես թվային միջավայրի կարգավորման վերջնական լուծում։
«Հենց այդ պատճառով եմ հանձնառու՝ հետագա քայլեր ձեռնարկել և քննարկել լրացուցիչ սահմանափակումների հնարավորությունը»,– ասել է Քենդալը։
Կանբերայի փորձից դասեր քաղելու նպատակով Մեծ Բրիտանիայի կառավարությունը նախատեսում է նախարարական պատվիրակություն ուղարկել Ավստրալիա, որը անցյալ ամիս դարձավ աշխարհում առաջին երկիրը, որն օրենքով արգելեց սոցիալական ցանցերի օգտագործումը 16 տարեկանից փոքր երեխաների համար։
Նման քննարկումներ և նախաձեռնություններ իրականացվում են նաև այլ երկրներում։ Մասնավորապես, անցյալ շաբաթ Դանիան հայտարարել է 15 տարեկանից փոքր երեխաների համար սոցիալական ցանցերի օգտագործումը սահմանափակելու ծրագրերի մասին՝ ընդգծելով երեխաների առցանց անվտանգության առաջնահերթությունը։

