Կառավարությունը 9 մլն դրամ կհատկացնի Կոնդի վերակառուցման միջազգային մրցույթի հաղթողների պարգևատրման համար

Ծրագրի հիմնական նպատակն է Կոնդի պատմական և ազգագրական միջավայրի պահպանումը:

ՀՀ կառավարության ապրիլի 30-ի որոշմամբ՝ 9 մլն դրամ կհատկացվի Քաղաքաշինության կոմիտեին՝ Կոնդ թաղամասի զարգացման հայեցակարգային մրցույթի մրցանակակիրներին պարգևատրելու նպատակով։ Բաց միջազգային երկփուլ մրցույթի ընդհանուր բյուջեն սահմանվել էր 54 մլն դրամ, որից մրցանակային ֆոնդը կազմում էր 45 մլն դրամ։

Մրցութային հանձնաժողովի որոշմամբ՝ առաջին տեղ զբաղեցնող աշխատանք չի ընտրվել։ Երկրորդ մրցանակային տեղը կիսել են երկու նախագիծ (յուրաքանչյուրին՝ 3.5 մլն դրամ), իսկ մեկ աշխատանք զբաղեցրել է երրորդ տեղը (2 մլն դրամ)։

Ծրագրի հիմնական նպատակն է Կոնդի պատմական և ազգագրական միջավայրի պահպանումը՝ զուգահեռաբար զարգացնելով զբոսաշրջային ենթակառուցվածքները։ Ըստ հիմնավորման՝ շեշտը դրվում է մինիմալ միջամտություններով անշարժ գույքի արժեքի բարձրացման և տեղաբնիկների արտագաղթի կանխման վրա։