Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի շուրջ քննարկումները։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ներկայացրել է նախորդ խորհրդակցության արդյունքներով նախագծերի կատարելագործման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը և ընթացիկ մոտեցումները։
Քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել մի շարք առանցքային ուղղությունների, մասնավորապես՝
-
վարչական իրավախախտումների դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը,
-
գույքահարկի վճարման կարգավորումների բարելավմանը,
-
պետական գերատեսչությունների միջև համագործակցության մեխանիզմներին,
-
կարգավորման ազդեցության գնահատման գործընթացներին,
-
ինչպես նաև այլ ինստիտուցիոնալ լուծումներին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է տեղական ինքնակառավարման մարմինների ինստիտուցիոնալ զարգացումը և ընդգծել այս ոլորտում բարեփոխումների հետևողական իրականացման անհրաժեշտությունը։
Քննարկումների արդյունքներով հայտարարվել է, որ աշխատանքները կշարունակվեն օրենքների նախագծերով առաջարկվող կարգավորումների շուրջ՝ դրանք առավել ամբողջական և գործնական դարձնելու նպատակով։

