Ներկայացնում ենք ամենակարևոր 5-ը։
Սիգի ձկնկիթի արտահանումը կկասեցվի 6 ամսով
Հայաստանի Հանրապետությունից ՀՀ ծագում ունեցող սաղմոնազգիներից սիգի ձկնկիթի արտահանման վրա կսահմանվի վեցամսյա արգելք։ Որոշման նպատակն է ապահովել պարենային անվտանգությունը, Սևանա լճում կենսապաշարի կայուն օգտագործումը և կենսաբազմազանության պահպանումը։
Ցորենի, գարու և մի շարք այլ ապրանքների արտահանումը կրկին կսահմանափակվի
Կառավարությունը որոշել է ևս 6 ամսով արգելել Հայաստանից ցորենի, գարու, հնդկացորենի, եգիպտացորենի և ձեթի արտահանումը։ Պատճառը ներքին շուկայում արտադրության անբավարար լինելն է, որը հիմնականում լրացվում է ներմուծմամբ։ Նշենք, որ գործող ժամանակավոր արգելքը կավարտվի 2026 թվականի հունվարի 6-ին։
Արցախից տեղահանվածների համար՝ ինքնազբաղվածության խթանման ծրագիր
Հաստատվել է Արցախից տեղահանված անձանց ինքնազբաղվածության խթանման ծրագիրը։ Այն նախատեսում է աջակցություն ձեռնարկատիրական գործունեության մեկնարկի և իրականացման համար, ինչպես նաև գործարար ծրագրերի իրականացման նպատակով դրամաշնորհների տրամադրում։
«ԱրՔա» համակարգով հետվճարները կշարունակվեն մինչև 2027 թվականը
«ԱրՔա» վճարային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց տրամադրվող 2% հետվճարները կվճարվեն 2026 թ. փետրվարից մինչև 2027 թ. հունվար ներառյալ։ Հետվճարը կգործի 1 000 դրամը գերազանցող անկանխիկ գնումների համար, իսկ մեկ գործարքի առավելագույն չափը կկազմի 6 000 դրամ։
Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի հողօգտագործման իրավունքը կսահմանափակվի
Կառավարությունը որոշել է, որ Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը կզրկվի պետության և համայնքների սեփականության հողամասերը սեփականության իրավունքով անհատույց օգտագործելու հնարավորությունից։ Եթե նախագիծը հաստատվի Ազգային ժողովում, այսուհետ այդ հողերը կարող են տրամադրվել միայն անհատույց օգտագործման իրավունքով։

