ABNews

Google-ը կործանում է այն, ինչ մնացել է լրագրությունից․ Futurism-ի վերլուծությունը

Լուրեր | 2026/05/21 18:36

Google-ը կործանում է այն, ինչ մնացել է լրագրությունից․ Futurism-ի վերլուծությունը

Google-ը հայտարարել է որոնման համակարգի գլխավոր էջի փոփոխության մասին, ինչը կարող է վերափոխել համացանցային էկոհամակարգը և անդրադառնալ մեդիա արդյունաբերության վրա։ Օգտատերերին առաջարկվելու է «խելացի» որոնման տող, որն աշխատում է չատբոտի սկզբունքով և միավորում է ընկերության ԱԲ գործիքները։

Futurism-ը գրում է, որ այսուհետ երկար հարցումների դեպքում համակարգը ցույց է տալու AI Overviews բաժինը՝ արհեստական բանականությամբ գեներացված ամփոփումներ, որոնք հայտնվում են հիմնական որոնման արդյունքներից վերև։ Բացի այդ, հասանելի կլինի AI Mode (ԱԲ ռեժիմ) ֆունկցիան, որը թույլ կտա որոնում կատարել նաև նկարների և փաստաթղթերի միջոցով։

Ազդեցությունը լրատվամիջոցների վրա

Գլխավոր փոփոխությունն այն է, որ սովորական հղումների փոխարեն համակարգը հաճախ ներկայացնելու է պատրաստի, տեքստային պատասխաններ։ Սա նշանակում է, որ օգտատերերն ավելի հազվադեպ են անցնելու այն կայքերի հղումներով, որոնց բովանդակության հիման վրա ԱԲ-ն պատրաստել է պատասխանը։

Այս միտումը խնդիրներ է ստեղծում այն կայքերի համար, որոնց բիզնես մոդելը հիմնված է տրաֆիկի և գովազդային եկամուտների վրա։ Ըստ հետազոտությունների՝ օգտատերերը 58 տոկոսով ավելի քիչ են սեղմում հղումների վրա, երբ տեսնում են ԱԲ ամփոփումը։ Ըստ մեկ այլ զեկույցի՝ AI Overviews-ի ներդրումից հետո տեխնոլոգիական ոլորտի տասը խոշոր լրատվամիջոցներ կորցրել են Google-ից ստացվող իրենց ամերիկյան տրաֆիկի մինչև 97 տոկոսը:

Ապագայի կանխատեսումներ և ճշգրտության խնդիրը

Ռոյթերսի Լրագրության ուսումնասիրության ինստիտուտի (Reuters Institute for the Study of Journalism) հարցումները ցույց են տալիս, որ մեդիա ոլորտի ղեկավարները կանխատեսում են կայքերի տրաֆիկի մոտ 50 տոկոսով անկում առաջիկա երեք տարիների ընթացքում։ Այս սպասումների ֆոնին ոլորտում արդեն նկատվում են հաստիքների կրճատումներ, իսկ որոշ հրատարակություններ սկսում են իրենց աշխատանքում կիրառել ԱԲ գործիքներ՝ ծախսերը կրճատելու նպատակով։

Միաժամանակ բաց է մնում տեղեկատվության ճշգրտության հարցը։ Վերլուծությունների համաձայն՝ Google-ի ԱԲ ամփոփումները ճշգրիտ են դեպքերի մոտ 91 տոկոսում։ Հաշվի առնելով Google-ի հարցումների տարեկան ընդհանուր ծավալը՝ մնացած 9 տոկոս անճշտությունը նշանակում է, որ համակարգը ժամում միլիոնավոր սխալ պատասխաններ է գեներացնում։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը