Google Cloud-ը ներկայացրել է Gemini AI գործակալը, որը նախատեսված է աշխատանքային առաջադրանքների ավտոմատացման, հարցերին պատասխանելու, բովանդակություն ստեղծելու և ծրագրային կոդ գրելու համար։
Նոր գործիքը ներկայացվել է այն ժամանակ, երբ տեխնոլոգիական ընկերությունները մրցում են ինքնուրույն աշխատելու ունակ արհեստական բանականության համակարգեր առաջարկելու ուղղությամբ։
Google-ի տվյալներով՝ Gemini գործակալը կարող է ինքնուրույն պլանավորել աշխատանքը, օգտվել տարբեր գործիքներից, միանալ ընկերության բիզնես համակարգերին և պատրաստի արդյունքները ներկայացնել փաստաթղթերի, էլեկտրոնային նամակների կամ ծրագրավորողների աշխատանքային միջավայրերի տեսքով։
Գործակալը հասանելի կլինի Google Workspace-ի Gmail, Docs, Sheets և Calendar հավելվածներում, ինչպես նաև Microsoft 365 և Slack հարթակներում։
Յուրաքանչյուր առաջադրանքի համար համակարգն ընտրում է համապատասխան արհեստական բանականության մոդելը։ Ներկայումս այն օգտագործում է Google-ի Gemini և Anthropic-ի Claude մոդելները, իսկ հետագայում նախատեսվում է ավելացնել նաև այլ մոդելներ։
Google-ը նաև հնարավորություն է տալիս ստեղծել այսպես կոչված «գործընկեր գործակալներ», որոնք կարող են գործել որպես թիմի անդամներ՝ ունենալով սեփական էլեկտրոնային հասցե և հասանելիություն միայն իրենց տրամադրված տեղեկատվությանը։
Ֆինանսական և իրավաբանական ոլորտների համար նախատեսված տարբերակներն արդեն հասանելի են նախնական փորձարկման համար։ Պետական կառավարման, առողջապահության և մանրածախ առևտրի ոլորտների տարբերակները նախատեսվում է ներկայացնել առաջիկայում։


