Գլխավոր դատախազը ներկայացրել է Սևանա լճի ափամերձ տարածքներում օրենքի խախտմամբ օտարված կամ վարձակալության հանձնված գույքերը պետությանը վերադարձնելու ուղղությամբ աշխատանքները
Լուրեր |
Ուսումնասիրությամբ հայտնաբերվել են խախտումներ:
Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ներառված հարցերից մեկով՝ Սևան-Գավառ ճանապարհի աջ կողմում գտնվող՝ 1.5 հա մակերեսով հողամասն ամրացվել է Շրջակա միջավայրի նախարարությանը:
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ներկայացնելով վերոնշյալ գույքը պետությանը վերադարձնելու նախապատմությունը, նշել է. «Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 2025 թվականի հուլիսի 2-ի վճռով բավարարել էր Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հայցը, որի արդյունքում, «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին է վերադարձվել Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղի հյուսիս-արևելյան հատվածի Սևան-Գավառ ճանապարհի աջ կողմում գտնվող՝ 1.5 հա մակերեսով հողամասը: Միաժամանակ, անվավեր է ճանաչվել պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցումը:
Դատաքննությամբ պարզվել է, որ 2009 թվականի մարտի 18-ին տրված անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայականի համաձայն` Գեղարքունիքի մարզի Սևան-Գավառ ավտոճանապարհի 12 կմ թիվ 3 հասցեում գտնվող, 1.5 հա բնապահպանական նշանակության հողամասից բացի, իրավունքների պետական գրանցման միասնական մատյանում գրանցված է նաև «Կարեն» արտադրական կոոպերատիվի կառուցապատման իրավունքը:
Բացի այդ, Կառավարությանն առընթեր «Հայբնակկոմտնտ» ՀՄ տեխնիկական գույքագրման վարչության Սևան տեղամասի կողմից տրամադրված սեփականության վկայագրի համաձայն` Ծովազարդ գյուղի հյուսիս-արևելյան հատվածում, Սևան-Գավառ ավտոճանապարհի աջ կողմում գտնվող 1.5 հա մակերեսով հողամասը (այդ թվում` շինությունները), Գեղարքունիքի մարզպետի 1997 թվականի նոյեմբերի 14-ի որոշման հիման վրա, գրանցման գրքում գրանցվել է «Կարեն» արտադրական կոոպերատիվի անվամբ:
Ելնելով վերոգրյալից՝ դատարանը փաստել է, որ Հայաստանի Հանրապետության` ի դեմս «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի և «Կարեն» արտադրական կոոպերատիվի նախագահի միջև 2008 թվականի դեկտեմբերի 30-ին կնքված և 2009 թվականի մարտի 11-ին նոտարի կողմից վավերացված պայմանագրով «Կարեն» արտադրական կոոպերատիվին կառուցապատման իրավունքով տրամադրվել է արդեն իսկ կառուցապատված հողամաս:
2025 թվականի հուլիսի 2-ին վճիռը մտել է օրինական ուժի մեջ:
2025 թվականի օգոստոսի 29-ին Գեղարքունիքի մարզ, համայնք Գավառ, գյուղ Ծովազարդ հասցեի 1.5 հա մակերեսով 13 միլիոն 404 հազար դրամ կադաստրային արժեքով հողամասի, ինչպես նաև 162 քմ շենք շինության նկատմամբ գրանցվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը»:
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազն անդրադարձել է նաև Սևանի ափամերձ հատվածում օրենքի խախտմամբ օտարված կամ վարձակալության հանձնված գույքերը պետությանը վերադարձնելու ուղղությամբ Դատախազության կողմից իրականացվող աշխատանքներին:
Աննա Վարդապետյանը, մասնավորապես, նշել է.
«2025 թվականի ընթացքում Շրջակա միջավայրի նախարարությանը և «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության և Գեղարքունիքի մարզի դատախազության կողմից հասցեագրվել է 4 միջնորդագիր:
Միջնորդագրերից բացի, կատարված ուսումնասիրության արդյունքում հանցագործության մասին հաղորդումներ են ուղարկվել նախաքննական մարմիններ, նախաձեռնվել են քրեական վարույթներ:
Մասնավորապես.
1. Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և իրավաբանական անձի միջև 2007 թվականին կնքվել է պետական սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքով տրամադրման պայմանագիր, որով Դրախտիկ գյուղից 5 կմ դեպի արևմուտք գտնվող՝ 40 հազար 900 քմ մակերեսով հողամասը կառուցապատման իրավունքով տրամադրվել է իրավաբանական անձին:
Իրավաբանական անձի և ֆիզիկական անձի միջև 2008 թվականին կնքվել է կառուցապատման իրավունքի վաճառքի պայմանագիր, որով վերոնշյալ հողամասից 0.74 հա հողամասի կառուցապատման իրավունքը վաճառվել է ֆիզիկական անձին, ինչի հիման վրա կատարվել է իրավունքի պետական գրանցում:
Գեղարքունիքի մարզպետի կողմից 2010 թվականին տրվել է ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ վերոնշյալ 0.74 հա հողամասի կառուցապատման համար:
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Գեղարքունիքի մարզպետի կողմից 2010 թվականին ճարտարապետահատակագծային առաջադրանքը տրամադրելու պահին նշված հողամասում արդեն իսկ ինքնակամ կառուցված է եղել 382.5 քմ շինություն: Բացի այդ, կադաստրային գործում 2011 թվականին բացակայել է շինությունների գրանցման համար հիմք հանդիսացող՝ շինարարության թույլտվության, շինարարության ավարտական ակտի վերաբերյալ տվյալները:
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից 2025 թվականին միջնորդագիր է ներկայացվել Շրջակա միջավայրի նախարարություն՝ միջոցներ ձեռնարկելու վերոնշյալ պայմանագիրը լուծելու ուղղությամբ: Շրջակա միջավայրի նախարարության կողմից Դատախազությանը տեղեկատվություն է տրամադրվել այն մասին, որ վերոնշյալ ընկերությանն ուղարկվել է պայմանագրի լուծման առաջարկ: Այն չընդունվելու դեպքում պայմանագիրը կլուծվի դատական կարգով:
2. Գեղարքունիքի մարզի դատախազության կողմից պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակներում կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և ֆիզիկական անձի միջև 2021 թվականին կնքվել է 1 հա մակերեսով 68 միլիոն 343 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով գույքի վարձակալության պայմանագիր:
Ուսումնասիրության արդյունքում պարզվել է նաև, որ մրցույթը կազմակերպվել է 2004 թվականին, սակայն հաղթողի հետ պայմանագիրը կնքվել և պետական գրանցում է ստացել 2021 թվականին:
Հայտնաբերված խախտման հիման վրա, Գեղարքունիքի մարզի դատախազ առաջարկով՝ 2025 թվականի դեկտեմբերի 4-ին վարձակալության իրավունքի վկայականն ուժը կորցրած է ճանաչվել:
Գեղարքունիքի մարզի դատախազի կողմից գրություն է հասցեագրվել «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին՝ վերոնշյալ հողատարածքում առկա ապօրինի շինություններն ապամոնտաժելու (քանդելու) նպատակով:
3. Գեղարքունիքի մարզի դատախազության կողմից պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակներում կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և ֆիզիկական անձի միջև 2006 թվականի դեկտեմբերի 5-ին կնքվել է պայմանագիր, որը վերաբերում է Սևանի թերակղզու տարածքում գտնվող՝ 600 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրմանը:
Ուսումնասիրությամբ հայտնաբերվել են խախտումներ:
Գեղարքունիքի մարզի դատախազության կողմից գրություն է հասցեագրվել «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին՝ առաջարկելով լուծել պայմանագիրը: Միաժամանակ, կատարված ուսումնասիրության արդյունքում հանցագործության մասին հաղորդում է ուղարկվել Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին: Քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
4. Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը միջնորդագիր է ուղարկել «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենին՝ ՊՈԱԿ-ի և իրավաբանական անձի միջև 2002 թվականի դեկտեմբերի 2-ին կնքված՝ 2,8 հա մակերեսով հողամասի վարձակալության պայմանագիրը լուծելու, հողամասի վրա ամրակայված գույքերը «Սևան ազգային պարկ»-ին օտարելու և վարձակալի կողմից հողամասն ազատելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:
Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ վարձակալության պայմանագրի կնքման որևէ հիմք առկա չի եղել: Մասնավորապես՝ մրցույթի արձանագրության վերաբերյալ տվյալները չեն նշվել պայմանագրում և արձանագրությունն առկա չէ, ինչը նշանակում է, որ մրցույթ չի անցկացվել: 2021 թվականի հունվարից մինչ ՊՈԱԿ-ի կողմից ծանուցումն ուղարկելու օրը՝ 2025 թվականի սեպտեմբերի 10-ը, ՊՈԱԿ-ը չի ստացել կադաստրային արժեքի փոփոխության արդյունքում ձևավորված վարձավճարը, որը կազմում է շուրջ 34 միլիոն 600 հազար դրամ: «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձինք իրավաբանական անձի հետ կնքված վարձակալության պայմանագիրը սահմանված ժամկետի ավարտից հետո դադարեցնելու և հողամասը վարձակալի կողմից ազատելու ուղղությամբ միջոցներ չեն ձեռնարկել:
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից միջնորդագիր է ներկայացվել Շրջակա միջավայրի նախարարություն՝ միջոցներ ձեռնարկելու վարձակալության պայմանագիրը լուծելու, ինչպես նաև ամրակայված գույքերը վարձատուին օտարելու ուղղությամբ՝ այդ մասին երեք ամիս առաջ տեղեկացնելով վարձակալին, Պայմանագրի 5.5-րդ կետով սահմանված հիմքերի առկայության դեպքում վարձակալի կողմից հողամասի վրա ամրակայված գույքը ՊՈԱԿ-ի պահանջով թողնելու կամ վերացնելու միջոցով հողամասն ազատելու ուղղությամբ:
Ի պատասխան միջնորդագրի՝ Գլխավոր դատախազությունում տեղեկատվություն է ստացվել այն մասին, որ ՊՈԱԿ-ի կողմից ՍՊԸ-ին վարձակալության պայմանագիրը լուծելու վերաբերյալ ծանուցում է ուղարկվել:
Նույն իրավաբանական անձի հետ փոխկապակցված ֆիզիկական անձանց պատկանող՝ ք.Սևան, Հանգստի գոտի, 3-րդ փ., 38 բնակելի տուն հասցեի անշարժ գույքերը Հայաստանի Հանրապետությանը վերադարձնելու պահանջով հայցադիմում է ներկայացվել Վարչական դատարան:
Պարզվել է, որ «Սևան» ազգային պարկի տարածքում գտնվող վերոնշյալ հասցեում ապօրինի կառուցվել են շինություններ, այդ թվում՝ առանձնատուն, և ապօրինի կերպով տիրապետվում, օգտագործվում է հատկացված հողատարածքի չափը շուրջ երեք անգամ գերազանցող չափով հողամաս՝ ընդհանուր 9088 քմ մակերեսով:
Բացի այդ, Գեղարքունիքի մարզի դատախազությունում պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակներում կատարված ուսումնասիրության հիման վրա՝ միջնորդագիր է հասցեագրվել Սևան համայնքին և «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին՝ Սևանա լճի ափամերձ՝ բացարձակ նիշից ցածր տարածքների 34 հողամասերում առկա ապօրինի կառուցված շենք-շինություններն ապամոնտաժելու և հողամասը նախկին տեսքին բերելու համար:
Միջնորդագրի արդյունքում այս պահի դրությամբ 3 հողամասերում առկա շենք-շինություններն ապամոնտաժվել են ամբողջությամբ, մնացած հողամասերի վերաբերյալ հարուցվել են վարչական վարույթներ, կայացվել են 23 քանդման որոշումներ»:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2025/12/11 12:48
ԱՄՆ-ն 2025 թվականին 2,5 մլն օտարերկրացու է արտաքսել
Արտաքսումների գրանցված թիվը «դեռ սկիզբն է»:
-
Սանկտ Պետերբուրգում միգրանտներին մինչև 2026 թ. վերջը արգելվել է որպես տաքսու վարորդ և առաքիչ աշխատել
2025/12/11/ 15:30 -
Ոստիկանության ու փրկարար ծառայության միասնական համակարգ, բնակարանային ապահովություն․ 5 կարևոր որոշում՝ Կառավարության նիստից
2025/12/11/ 13:40 -
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի` նոյեմբերի հաշվետվությունը
2025/12/11/ 13:05 -
Սասուն Միքայելյանի և Վլադիմիր Գասպարյանի կառուցած ապօրինի շինությունները կքանդվեն․ գլխավոր դատախազ
2025/12/11/ 12:54 -
ԱՄՆ-ն քննարկում է Ռուսաստանի մասնակցությամբ G7-ին այլընտրանք ստեղծելու գաղափարը. Politico
2025/12/11/ 12:52 -
ԱՄՆ-ն 2025 թվականին 2,5 մլն օտարերկրացու է արտաքսել
2025/12/11/ 12:48 -
Բեյոնսեն, Նիկոլ Քիդմանը և Վենուս Ուիլյամսը կլինեն 2026 թվականի Met Gala-ի համանախագահները
2025/12/11/ 12:45 -
ChatGPT-ն այժմ կարող է աշխատել Photoshop-ով. Adobe-ն իր գործիքները ներդրել է անմիջապես չաթ-բոտում
2025/12/11/ 12:42 -
Ահազանգերը կմեկտեղվեն 112 հեռախոսահամարին
2025/12/11/ 12:39 -
Գլխավոր դատախազը ներկայացրել է Սևանա լճի ափամերձ տարածքներում օրենքի խախտմամբ օտարված կամ վարձակալության հանձնված գույքերը պետությանը վերադարձնելու ուղղությամբ աշխատանքները
2025/12/11/ 11:57
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, 2025 Թ․
ՓՈՂ NEWS. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, 2025 Թ․
Բվիկն ու Իդրամը՝ ընթերցասերների կողքին
ԱԱՊՀ-ն Հյուրընկալեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին քաղաքական ուղերձով
ՓՈՂ NEWS. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 2025 Թ․