Գերմանիան պատրաստակամություն է հայտնում մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը

Հարցը նախատեսվում է քննարկել Փարիզում կայանալիք հանդիպման ընթացքում:

Գերմանիան պատրաստակամություն է հայտնում մասնակցել Հորմուզի նեղուցում անվտանգության ապահովման գործողություններին, ներառյալ ականազերծումը և ծովային հետախուզությունը։ Այս մասին հայտնում է Politico-ն՝ հղում անելով կառավարության ներկայացուցչին։

Բեռլինում նշում են, որ նման մասնակցությունը հնարավոր է միայն մի շարք պայմանների առկայության դեպքում։ Դրանց թվում են կայուն հրադադարի հաստատումը, բազմակողմ անվտանգության ձևաչափում գործող մանդատի առկայությունը, նախընտրելի է՝ ՄԱԿ-ի շրջանակում, ինչպես նաև դաշնային կառավարության և Բունդեսթագի հաստատումը։

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի խոսքով՝ ներկայումս երկիրը դեռևս հեռու է նման որոշումից։

Հարցը նախատեսվում է քննարկել Փարիզում կայանալիք հանդիպման ընթացքում, որտեղ կքննարկվեն Հորմուզի նեղուցի անվտանգությանը վերաբերող բազմակողմ նախաձեռնությունները։

Քննարկումները տեղի են ունենում այն պայմաններում, երբ մի շարք երկրներ դիտարկում են համատեղ գործողություններ՝ ապահովելու նավարկության անվտանգությունը ռազմավարական նշանակություն ունեցող այս ծովային ուղում։