Վերջին հինգ տարվա ընթացքում Միջին միջանցքով բեռնափոխադրումների ծավալը աճել է շուրջ 7 անգամ։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Վարչապետի խոսքով՝ տարածաշրջանում հարևան երկրների միջև հարաբերությունների վերականգնումը և առևտրատնտեսական կապերի զարգացումը նպաստում են տարանցիկ երթուղիների ակտիվացմանը։ Այդ համատեքստում Վրաստանը շարունակում է զարգացնել իր տարանցիկ գործառույթը՝ իրականացնելով ներդրումներ տարբեր ենթակառուցվածքներում։
Կոբախիձեն նշել է, որ ներդրումները վերաբերում են ճանապարհային ենթակառուցվածքներին, նավահանգիստներին, օդանավակայաններին և այլ լոգիստիկ օբյեկտներին։ Ըստ նրա՝ այդ քայլերը պայմանավորված են տարանցիկ ոլորտի շարունակական աճի դրական սպասումներով։
Միջին միջանցքի բեռնափոխադրումների ծավալների աճը դիտարկվում է որպես տարածաշրջանային փոխկապակցվածության և տարանցիկ հնարավորությունների ընդլայնման գործոն։

