Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողները դեռևս անցած տարվա նոյեմբերին ստացել էին օպերատիվ տեղեկություն, ըստ որի՝ Սևան քաղաքի, Գագարին, Ծաղկունք և Լճաշեն գյուղերի բնակիչ մի խումբ տղամարդիկ ապօրինի պահում են զենք-զինամթերք և թմրամիջոցներ։
Նոյեմբերի 15-ին նախաձեռնվել է քրեական վարույթ, որից հետո իրականացվել են օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումներ և քննչական գործողություններ։ Արդյունքում տեղեկությունը հաստատվել է, ինչպես նաև ճշտվել է կասկածելի անձանց շրջանակը։
Փետրվարի 4-ին դատարանի որոշմամբ Քննչական կոմիտեի ծառայողները՝ քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Սևանի բաժնի աշխատակիցների հետ համատեղ, խուզարկություններ են իրականացրել 11 անձանց բնակության վայրերում։
Խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել են՝
-
Սևանի բնակիչ 34-ամյա տղամարդու տանը՝ նռնակ և փամփուշտներ,
-
Սևանի բնակիչ 29-ամյա տղամարդու տանը՝ թմբուկավոր ատրճանակ, դեղնականաչավուն զանգված և կանեփի սերմ,
-
Ծաղկունքի բնակիչ 52-ամյա տղամարդու տանը՝ կանեփի 22 ցողուն՝ մոտ 2 կիլոգրամ քաշով, կանեփի սերմ, շուրջ 620 գրամ կանեփանման զանգված, ինչպես նաև ավելի քան 11 կիլոգրամ չորացված և մանրացված զանգվածներով լցված 32 տարա,
-
Լճաշենի բնակիչ 49-ամյա տղամարդու տանը՝ մոտ 288 գրամ մանրացված կանեփանման զանգված։
Քրեական վարույթի շրջանակում նախաքննությունը շարունակվում է, հանգամանքները պարզվում են։

