ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը զբաղեցրած անձը 2013–2021 թվականների ընթացքում ապօրինի մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպության կառավարմանը։
Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդմամբ՝ պաշտոնյան դա իրականացրել է իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող անձանց միջոցով։ Նշվում է, որ այդ մասնակցությունը ուղեկցվել է տվյալ կազմակերպությանը արտոնություններ և առավելություններ տրամադրելով։
Մասնավորապես, ըստ նախաքննության տվյալների, 2015 թվականի նոյեմբերից մինչև 2021 թվականը նշված պաշտոնյան, օրենքով սահմանված արգելքին հակառակ, «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ի միջոցների հաշվին կազմակերպել է իր մտերիմ անձանց պատկանող սրճարան-ռեստորանի ջեռուցումը։ Բացի այդ, 2013 թվականից մինչև 2018 թվականի սեպտեմբերը նույն կերպ ապահովվել են տվյալ օբյեկտի էլեկտրաէներգիայի և ջրամատակարարման ծախսերը։
Ձեռնարկատիրական գործունեությանը ապօրինի մասնակցելու համար «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով, որը համարժեք է 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 442-րդ հոդվածի 1-ին մասին։
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և գործի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատման և դատարան ուղարկելու միջնորդությամբ։
Ծանուցում․ անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

