Պատերազմից դեպի տնտեսական հաշվարկ․ Էկոնոմիկայի նախարարի ասուլիսի առանցքային ուղերձները
Վերլուծություն |
2025–ի առաջին եռամսյակում հնրապետությունում գրանցվել է 5.2% տնտեսական աճ, երկրորդ եռամսյակում՝ 6,4, 3-րդ եռամսյակում՝ 6.2 %
Փետրվարի 6-ին տեղի ունեցած ամփոփիչ մամուլի ասուլիսում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ներկայացրեց Հայաստանի տնտեսության ընթացիկ վիճակը, ձեռքբերումները, առկա խնդիրներն ու առաջիկա ուղղությունները՝ ընդգծելով, որ վերջին տարիներին տնտեսական քաղաքականության առանցքում կանգնած են արտադրության զարգացումը, արտահանման դիվերսիֆիկացումը, ներդրումային միջավայրի բարելավումը և խաղաղության պայմաններում տնտեսական հնարավորությունների ընդլայնումը։
Ներմուծում և առևտրային հաղորդակցություններ. փակ թեմաներ՝ մինչև վերջնական համաձայնություն
Նախարարը հայտարարեց, որ ներկայումս քննարկվում է երկու ապրանքի ներմուծման հնարավորությունը Ադրբեջանի հետ բանակցությունների շրջանակում։ Սակայն մինչև վերջնական համաձայնության ձեռքբերումը, նախարարությունը չի բացահայտի ապրանքների տեսակները՝ բանակցային գործընթացում կողմերի վրա ճնշում չգործադրելու նպատակով։
Պապոյանի խոսքով՝ պետությունն արձագանքում է բիզնեսի պահանջներին․ գործարարի կողմից ներկայացվող կոնկրետ առաջարկից հետո կառավարությունը սկսում է գործընկերների հետ բանակցությունները և միայն հաստատումից հետո թույլատրում ներմուծումը։
Հեղուկ գազի և բիտումի տարանցում Ադրբեջանի տարածքով
Նախարարը հաստատեց, որ Ադրբեջանի տարածքով հեղուկ գազի և բիտումի երկաթուղային տարանցման հնարավորությունը բաց է, և բիզնեսը կարող է ինքնուրույն որոշել՝ օգտվել այդ հնարավորությունից, թե ոչ։ Նրա խոսքով՝ երկաթուղային փոխադրումը որոշ դեպքերում կարող է լինել ավելի էժան, սակայն շուկայում առկա են նաև այլ տնտեսական հաշվարկներ՝ մեքենաների ձեռքբերման, վարձակալության, Լարսի փակման ռիսկերի հետ կապված։
Պապոյանը ընդգծեց, որ այս այլընտրանքը նաև մրցակցային միջավայր է ստեղծում, ինչի արդյունքում նույնիսկ նախկինում գին թելադրող ընկերությունները ստիպված են հաշվի նստել նոր հնարավորությունների հետ։
Արտադրական արժեշղթաների երկարացում. պղնձաձուլարանն օրակարգում է
Պղնձաձուլարանի կառուցման հարցը, ըստ նախարարի, երբեք օրակարգից դուրս չի եկել։ Կառավարությունը շարունակական աշխատանք է տանում ինչպես տեղական, այնպես էլ միջազգային գործընկերների հետ՝ նպատակ ունենալով երկարացնել մետաղական արտադրանքի արժեշղթան։
Թեև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը պղնձաձուլարանի գործարկումը կապում է նոր հանքավայրերի բացման և ծավալների ավելացման հետ, նախարարությունն կարծում է, որ նույնիսկ առկա ծավալները կարող են բավարար լինել՝ ավելի բարձր ավելացված արժեք ստեղծելու համար։
Ներդրումներ խոշոր նախագծերում. առաջընթաց և ուշացումներ
Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման համար նախատեսված 750 մլն դոլարից արդեն ներդրվել է 550 մլն դոլար, իսկ արդյունահանումը կսկսվի այս տարի։
Շարունակվում է նաև երկու խոշոր լեռնադահուկային հանգստավայրերի շինարարությունը։ «Մայլեր» նախագիծը գրեթե ավարտված է՝ 80 մլն դոլարից 73-ի ներդրմամբ։ Միաժամանակ բանակցություններ են ընթանում մի շարք միջազգային հյուրանոցային ցանցերի հետ։
Մյուս նախագծերը՝ Արագածոտնի լեռնադահուկային համալիրը և Երևանի կենտրոնում գտնվող «World Trade Center» բիզնես կենտրոնը, դեռևս նախնական փուլում են։ Իսկ 200 մեգավատտ հզորությամբ «Այգ–1» արևային կայանի շինարարությունը ուշանում է ֆինանսական հարցերի պատճառով, որոնք լուծվելուց հետո շինարարությունը կսկսվի։
Ինտենսիվ գյուղատնտեսություն. գերակատարում բոլոր ցուցանիշներով
Պապոյանը հայտարարեց, որ ինտենսիվ գյուղատնտեսության ոլորտում 2021–2026 թվականների կառավարության ծրագրով սահմանված բոլոր ցուցանիշները 2025-ի արդյունքներով կատարված են, որոշ դեպքերում՝ կրկնակի և եռակի գերակատարմամբ։
-
Ինտենսիվ այգիներ՝ 4.5 տարում հիմնվել է 4516 հեկտար
-
Ոռոգման արդիական տեխնոլոգիաներով հողատարածքներ՝ պլանավորված 3000 հեկտարի փոխարեն ավելացել է 7000 հեկտար
-
Ջերմատնային տնտեսություններ՝ նախատեսված 45 հեկտարի փոխարեն՝ շուրջ 80 հեկտար
-
Գյուղտեխնիկա՝ 3969 միավոր (կրկնակի ավելի, քան ծրագրված էր)
-
Ագրոմշակման սարքավորումներ՝ 2832 միավոր (եռակի գերակատարում)
Նախարարը ընդգծեց, որ վերահսկողությունը խիստ է եղել՝ մինչև չորացած ծառերի վերատնկում և հողատարածքների ամբողջական մաքրում։
Խաղողի մթերում և գինեգործություն
2025-ին մթերվել է շուրջ 200 հազար տոննա խաղող՝ առանց որևէ բողոքի։ Նախարարը շեշտեց, որ Հայաստանում չի մնացել մթերված չլինող խաղող, իսկ մթերման ծավալների աճը կազմել է 21.8 տոկոս։
Կոնյակի սպիրտի արտահանումը աճել է 13.7%-ով՝ հասնելով 12.4 մլն լիտրի, իսկ գինու արտահանման գումարային աճը կազմել է 13 տոկոս՝ համաշխարհային շուկաներում գինու սպառման անկման ֆոնին։
Գինու և ագրոտուրիզմի զարգացում
Կառավարությունը նախատեսում է մի քանի տասնյակ միլիոն դրամի ներդրումներ Եղեգիս և Արենի համայնքներում՝ գինու և ագրոտուրիզմի կլաստերների ստեղծման նպատակով։ Նախարարը նշեց, որ գինու տուրիզմը բարձր եկամտաբեր ոլորտ է, քանի որ զբոսաշրջիկը մեկ բաժակ գինու համար պատրաստ է վճարել այնքան, որքան այլ դեպքում՝ ամբողջ շշի համար։
Արտադրություն և արտահանում. ռադիատորների օրինակ
Հայաստանը, որը տարիներ շարունակ ռադիատորներ էր ներմուծում Թուրքիայից, Չինաստանից և Եվրոպայից, այժմ սկսել է սեփական արտադրությունը և նույնիսկ արտահանում է այդ արտադրանքը։ Սա, ըստ նախարարի, մետաղական արդյունաբերության զարգացման և հումքի տեղական օգտագործման արդյունք է։
Տնտեսական աճ և մակրոտնտեսական ցուցանիշներ
-
Արտահանումը 2021-ի 2.6 մլրդ դոլարից հասել է 2025-ին՝ 4.46 մլրդ դոլարի
-
ԵՄ մասնաբաժինը արտահանման մեջ աճել է 4.7%-ից մինչև 7.9%
-
2025-ին ՀՆԱ-ն կկազմի շուրջ 85–86 տրիլիոն դրամ
-
Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կանցնի 9000 դոլարի շեմը
-
Տնտեսական աճը եռամսյակներով՝ 5.2%, 6.4% և 6.2%
Պապոյանը ընդգծեց, որ Ջինի գործակիցը Հայաստանում տարածաշրջանում ամենացածրերից է, ինչը վկայում է եկամուտների համեմատաբար հավասար բաշխման մասին։
Խաղաղություն և տնտեսություն
Ասուլիսի վերջում նախարարն ընդգծեց, որ ամենամեծ ձեռքբերումը պատերազմի հավանականության կտրուկ նվազումն է։ Նրա խոսքով՝ երկու տարի առաջ պատերազմից էին խոսում, այսօր՝ խաղաղության տնտեսական օգուտներից, ինչը ինքնին մեծ առաջընթաց է։
«Խաղաղության մասին խոսակցությունը արդեն իսկ ֆանտաստիկ է, և մեր խնդիրն է այդ խաղաղությունից ստանալ առավելագույն տնտեսական օգուտ»,– եզրափակեց Պապոյանը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
ԶՊՄԿ-ում կիրականացվի վերականգնվող էներգիայի ծրագիր
2026/02/06/ 16:25 -
Պատերազմից դեպի տնտեսական հաշվարկ․ Էկոնոմիկայի նախարարի ասուլիսի առանցքային ուղերձները
2026/02/06/ 15:54 -
Մեքենա վարելու իրավունքը ինքնաշխատ կդադարեցվի, երբ «Արմեդ»-ում առողջական խնդիր գրանցվի
2026/02/06/ 14:38 -
Նապոլեոն III-ի կնոջ թագը գրեթե անվնաս է և կարող է վերականգնվել
2026/02/06/ 13:03 -
Հուսալիությունը՝ որպես ռազմավարություն. ավտոմոբիլային շուկայի վերջին տվյալները
2026/02/06/ 12:14 -
ՊԵԿ-ը ԱՄՆ-ից ներմուծված առաքանու մեջ հայտնաբերել է շուրջ 1,13 կգ թմրամիջոցին նմանվող նյութ
2026/02/06/ 11:51 -
Ռուսական ընկերությունները դուրս են մղվում Վենեսուելայից․ Լավրով
2026/02/06/ 11:47 -
2025-ին հայկական ծագում ունեցող ապրանքների արտահանումը 2021-ի համեմատ աճել է շուրջ 72%-ով․ նախարար
2026/02/06/ 11:43 -
ՀՀ–ՌԴ առևտրատնտեսական համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա․ Մատվիենկո
2026/02/06/ 11:40 -
Սլովենիան պատրաստվում է 15 տարեկանից փոքր երեխաների համար սահմանափակել սոցցանցերի հասանելիությունը
2026/02/06/ 11:30
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 5, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 5, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 4, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 3, 2026 Թ․