«Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացավ 2026 թվականի Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի ամփոփիչ գալա համերգը, որի ընթացքում հայտարարվեցին մրցույթի դափնեկիրների անունները և տեղի ունեցավ պարգևատրման հանդիսավոր արարողությունը։
Առաջին մրցանակին արժանացավ Գերմանիան ներկայացնող թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն, երկրորդ մրցանակը շնորհվեց Բոգդան Եֆրեմովին (Ռուսաստանի Դաշնություն), իսկ երրորդ մրցանակակիրը դարձավ Արտյոմ Իոանիսյանը (Հայաստան)։

Մրցույթի շրջանակում շնորհվեցին նաև հատուկ մրցանակներ՝ դասական սոնատի լավագույն մեկնաբանության, Բախի և Պոպպերի ստեղծագործությունների լավագույն կատարման, ինչպես նաև Արամ Խաչատրյանի «Սոնատ-ֆանտազիայի» լավագույն մեկնաբանության համար։ Հատուկ մրցանակներ հանձնվեցին նաև «Լավագույն նվագակցող դաշնակահար» և «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգերում։
Այս տարի մրցույթին մասնակցել են աշխարհի 11 երկրից ժամանած 19 երիտասարդ թավջութակահարներ, որոնք ընտրվել էին միջազգային ժյուրիի կողմից։ Ժյուրիի կազմում ընդգրկված էին երաժշտական աշխարհի ճանաչված ներկայացուցիչներ՝ Դենիս Սևերինը (Շվեյցարիա), Մարթի Ռոսին (Ֆինլանդիա), Միհե Ռիոն (Կորեայի Հանրապետություն), Ժոզեֆին Նայթը (Միացյալ Թագավորություն), Լևոն Մուրադյանը (Հայաստան/Պորտուգալիա), Գրեգորիո Նիետոն (Վենեսուելա) և Վիկտոր Ժուլիեն-Լաֆերիերը (Ֆրանսիա)։

Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի ռազմավարական գործընկերն է Freedom Broker Armenia-ն, որը կարևորում է երիտասարդ տաղանդների զարգացմանն ուղղված նախաձեռնությունները և մշակույթի ոլորտում երկարաժամկետ արժեք ստեղծող ծրագրերի իրականացումը։
«Մշակույթի մեջ ներդրումը երկարաժամկետ արժեք է։ Մենք վստահ ենք, որ երիտասարդ երաժիշտներին աջակցելը ներդրում է ոչ միայն նրանց մասնագիտական ապագայի, այլև հասարակության մշակութային զարգացման մեջ։ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը բացառիկ հարթակ է, որտեղ երիտասարդ տաղանդները հնարավորություն են ստանում ներկայանալ միջազգային մասնագիտական հանրությանը և ձևավորել իրենց հետագա ստեղծագործական ուղին։ Freedom Broker Armenia-ի համար մեծ պատիվ է լինել այս հեղինակավոր նախաձեռնության ռազմավարական գործընկերը»,– նշել է Freedom Broker Armenia-ի տնօրեն Հովակ Հովակիմյանը։
Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի կազմակերպմամբ։ Մրցույթի գլխավոր հովանավորն է Երևանի քաղաքապետարանը։

Մրցույթի ռազմավարական գործընկերն է Freedom Broker Armenia-ն, իսկ գործընկերները՝ VISA-ն և Ակբա բանկը։
Խաչատրյանի անվան միկջազգային մրցույթը անդամակցում է Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիային (WFIMC)։
*գովազդ

