Ֆրանսիայում պետական ծառայողների համազգային գործադուլի պատճառով չեղարկվել է ավիաչվերթների մի մասը, հայտնում է Reuters-ը։ Ֆրանսիայի քաղաքացիական ավիացիայի վարչությունը (DGAC) կարգադրել է կրճատել չվերթների ծավալները մի շարք օդանավակայաններում։
Չվերթների չեղարկման աշխարհագրությունը.
Փարիզ («Շարլ դը Գոլ»). Տեղական ժամանակով 07:00-ից մինչև 20:00-ն չեղարկվել է չվերթների 5%-ը։ Սա Air France-KLM ավիաընկերության հիմնական հանգույցներից է:
Մարսել. Ժամը 16:00-ից մինչև 00:00-ն չեղարկվել է չվերթների 25%-ը։
Տարածաշրջանային օդանավակայաններ. Ավիահաղորդակցության խափանումներ են սպասվում նաև Նանտի, Ստրասբուրգի, Լիմոժի, Լուրդի և Պոյի օդանավակայաններում։
Ֆրանսիայի մյուս օդանավակայաններում ավիահաղորդակցությունն իրականացվում է բնականոն հունով, սակայն խոշորագույն հանգույցներում սահմանափակումները կարող են առաջացնել չվերթների ուշացումների շղթայական ազդեցություն։


