Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարող է արձակել Ազգային ժողովը (խորհրդարանի ստորին պալատը), եթե պատգամավորները 2027 թվականի բյուջեի շուրջ քննարկումների տապալումից հետո պաշտոնանկ անեն երկրի վարչապետ Սեբաստիեն Լեկորնյուին։ Այս մասին հայտնում է Europe 1 ռադիոկայանը։
«Առայժմ սա հնարավոր տարբերակներից ընդամենը մեկն է, և Ելիսեյան պալատում նախագահի շրջապատը հերքում է այս տեղեկությունը։ Սակայն կառավարությունում այժմ բացահայտ քննարկում են խորհրդարանը կրկին արձակելու հնարավորությունը, եթե Լեկորնյուի կառավարությունը տապալվի»,— պնդում է ռադիոկայանը։
Ձևականորեն նախագահն ունի նման քայլի դիմելու իրավունք, քանի որ Ազգային ժողովի վերջին արձակումից անցել է ավելի քան մեկ տարի։ Սակայն, ինչպես նշում է Europe 1-ը, դա կարող է հանգեցնել ոչ միայն «էլ ավելի անկառավարելի» խորհրդարանի ընտրության, այլև լուրջ ազդեցություն ունենալ 2027 թվականին նախատեսված նախագահական ընտրությունների վրա։ Բացի այն, որ թեկնածուները ստիպված կլինեն նախապես պայմանավորվել ապագա քաղաքական դաշինքների շուրջ, նախագահական ընտրություններից հետո նրանք մեկ տարվա ընթացքում չեն կարողանա արձակել ստորին պալատը։
«Այլ կերպ ասած՝ Մակրոնը կարող է Ելիսեյան պալատում իր հաջորդին պարտադրել խորհրդարանի այնպիսի կազմ, որի հետ վերջինս ստիպված կլինի սկսել իր պաշտոնավարման հնգամյա ժամկետը։ Սա վերջին՝ տիպիկ «մակրոնական» քայլն է, որը խորհրդարանական ընտրություններն ըստ էության կվերածեր նախագահական ընտրությունների առաջին փուլի»,— ասվում է ռադիոկայանի հրապարակման մեջ։
Դեռևս հունիսին Le Figaro թերթը հայտնել էր, որ Ֆրանսիայի նախագահի շրջապատում քննարկվում է Ազգային ժողովն արձակելու և խորհրդարանական ընտրությունները նախագահականի հետ միաժամանակ անցկացնելու տարբերակը։ Պարբերականի զրուցակիցներից մեկի խոսքով՝ այդ քայլը դիտարկվում է որպես Մակրոնի հաջորդին խանգարելու միջոց, որպեսզի նա ինքնուրույն չորոշի խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամանակը, և միաժամանակ հնարավորություն կտա գործող նախագահին մինչև վերջին պահը վերահսկել իրավիճակը։


